ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին տարածաշրջանում լարվածության ֆոնին ժամանել է Դամասկոս (Սիրիա): Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ-ի նոր պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին։
Հոկտեմբերի 4-ին Իրանի արտգործնախարարն այցելել էր Բեյրութ (Լիբանան):
«Արտաքին գործերի նախարար պարոն Արաղչին Սիրիա պաշտոնական այցի շրջանակներում իր ղեկավարած պատվիրակության հետ ժամանել է Դամասկոս: Նա կհանդիպի Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կքննարկի երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները»,-ասված է X սոցիալական ցանցում Բաղաիի հայտարարության մեջ։
Իսրայելը հոկտեմբերի 1-ից ցամաքային գործողություն է իրականացնում Լիբանանի հարավում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում է օդային ռմբակոծությունները հարևան երկրներում, որտեղ արդեն ավելի քան հազար մարդ է զոհվել, այդ թվում՝ շիաների շարժման առաջնորդներ, ավելի քան 90 հազար մարդ փախստական է դարձել: Չնայած կորուստներին, այդ թվում՝ հրամանատարական կազմում, «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
Իսրայելում որպես ռազմական արշավի գլխավոր նպատակ նշում են վերադարձի պայմաններ ստեղծելը հյուսիսի 60 հազար բնակիչների համար, որոնք տարհանվել էին մեկ տարի առաջ, երբ «Հզբոլլահը» գնդակոծություններ սկսեց ի աջակցություն Պաղեստինի ՀԱՄԱՍ շարժման։
Իրանը հոկտեմբերի 1-ին պատմության մեջ երկրորդ անգամ զանգվածային հրթիռակոծության է ենթարկել Իսրայելը՝ դա անվանելով ինքնապաշտպանության գործողություն: Իսրայելցի զինվորականները հայտարարում են, որ արձակվել է մոտ 180 բալիստիկ հրթիռ, որոնց մեծ մասը հաջողվել է «որսալ»: