ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Արտաշատի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել 6-րդ դասարանի 3 աշակերտի, որոնք ստացել են մարմնական վնասվածքներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com կայքը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արտաշատ քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի Նելլի Ն․-ն իր դասաժամի ընթացքում ջրի շշով հարվածներ է հասցրել նույն դպրոցի 6-րդ դասարանի աշակերտների՝ վերջիններիս պատճառելով մարմնական վնասվածքներ:
Պարզվել է, որ «Ազգային երգ ու պարի» դասաժամին անկարգություն անելու և դասը խանգարելու համար Արարատի մարզի բնակիչ 42-ամյա բնակչուհի Նելլի Ն․-ն ձեռքին եղած ջրի շշով հարվածներ է հասցրել 11-ամյա Տ․ Գ․-ին և 10-ամյա Ն․ Մ․-ի` գլխին և 11-ամյա Ն․ Թ․-ի մեջքին։
Տ.Գ․-ն և Ն.Մ․-ն տեղափոխվել են նույն դպրոցի բուժկետ, որտեղ պարզվել է, որ նրանք գլխի շրջանում ստացել են վնասվածքներ:
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն: