Հայկական կողմը Արևմուտքից ունի չափազանցված ակնկալիքներ. Sputnik Արմենիային ասել է քաղաքագետ, անվտանգության հարցերով փորձագետ Դավիթ Հարությունովը`մեկնաբանելով Հայաստանի հետ կապված ՆԱՏՕ–ի իրական նպատակները, մեր երկրի համար դրա հնարավոր արդյունքները կամ հետևանքները։
«Եթե լարվածությունը Արևմուտքի ու ՌԴ–ի միջև թուլանա, և Հայաստանի` Արևմուտքից չափազանցված ակնկալիքները ինչ–որ չափով նվազեն, բալանսավորվեն, ես չեմ բացառում, որ այդ փուլում հարաբերությունները ՌԴ–ի հետ կվրականգնվեն»,– կարծիք է հայտնել փորձագետը։
Հոկտեմբերի 3-ին աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակությունը։ՆԱՏՕ–ի գեներալը հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի ու պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ:
Նշվում է, որ հանդիպումների ընթացքում քննարկվել է ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հնարավորությունները։
Այս համատեքստում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն ձգտում է խաղաղապահների անվան տակ զորակազմ մտցնել Հարավային Կովկաս` ադրբեջանա-հայկական կարգավորման գործընթացի և ՄԱԿ–ի խաղաղապահ հովանու ներքո։
Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն էլ Բորտնիկովի հայտարարությանն արձագանքել էր` այն որակելով որպես «նոնսենս», «սուտ» և «մանիպուլյացիա»։