Սերժ Սարգսյանին արդարացրած դատավորի լիազորությունները դադարեցվել են

Նշենք, որ այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է, որ դատավոր Միսակյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվել են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲԴԽ մամուլի խոսնակ Մերի Գևորգյանը։
«Բարձրագույն դատական խորհուրդը բավարարեց արդարադատության նախարարության միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ այս դատավորը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արդարացրած դատավորն է։
Ավելի վաղ ArmLur.am կայքը գրել էր, որ ԲԴԽ-ում Սերժ Սարգսյանի գործը քննող դատավոր Վահե Միսակյանի կարգապահական վարույթի շուրջ կրքերը թեժ են։
«Շատ դատավորների խոսակցություններ են հասել, որ որոշման հետաձգումը կապված է եղել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի մտերիմ ընկեր Գրիգոր Մինասյանի շուրջ ծավալված դեպքերի հետ, ու ԲԴԽ-ն վճռել է որոշումը հրապարակել ավելի ուշ` սպասելով, թե ինչպես կվարվի քաղաքական իշխանությունը Գրիգոր Մինասյանի հետ»,– գրել է կայքը։
Նշենք, որ այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է, որ դատավոր Միսակյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվում։ Առաջին անգամ այս տարվա ապրիլին էր։ Բարձրագույն դատական խորհուրդը այն ժամանակ որոշեց դատավոր Վահե Միսակյանին հայտարարվել խիստ նկատողություն: