ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Համայնքի կողմից իրականացված վարչարարությանը գնահատականներ տալը ՄԻՊ-ի իրավասություններից դուրս է։ ՄԻՊ–ի՝ Լվովյան փողոցի մի խումբ բնակիչների իրավունքներ խախտման վերաբերյալ որոշմանն արձագանքել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան էջում։
Այսօր ՄԻՊ Անահիտ Մանասյանը հաղորդագրություն է տարածել, ըստ որի` Լվովյան փողոցի ինքնակամ կառույցների ապամոնտաժման գործընթացում Երևանի քաղաքապետարանը խախտել է բնակիչների իրավունքները։
«Ըստ նախնական ուսումնասիրությունների` ՄԻՊ-ի կողմից արված եզրահանգումներն ու արտահայտած դիրքորոշումները նման են նրան, որ պաշտպանի անհամաձայնությունն ավելի շատ գործող օրենքների և իրավակարգավորումների վերաբերում, քանի որ համայնքի կողմից ծանուցման գործընթացները, ժամկետների տրամադրումը, որոշումը ուժի մեջ մտնելուց հետո՝ անմիջապես քանդման գործողություններին ձեռնամուխ լինելն ամբողջությամբ համապատասխանել է օրենքներին և որևէ իրավանորմի խախտում տեղի չի ունեցել»,–նշել է Կոստանյանը:
Խոսնակը նաև ընդգծել է, որ վարչական ակտի ու վարչական մարմնի գործողությունների իրավաչափության գնահատական տվողը դատարաններն են:
«Այդ գործառույթը բացառապես վերապահված է վարչական դատարանին, ուստի՝ գտնում ենք , որ համայնքի կողմից իրականացված վարչարարությանը նման գնահատականներ տալը ՄԻՊ-ի իրավասություններից դուրս է»,–գրել է նա:
Կոստանյանը հավելել է, որ որոշմանը առավել մանրամասն ծանոթանալուց հետո, անհրաժեշտության դեպքում հանդես կգան լրացուցիչ պարզաբանմամբ:
Հիշեցնենք` Երևանի քաղաքապետարանը տարեսկզբին որոշում էր կայացրել քանդել Նոր Նորքի Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու «Վալենսիա» համալիրի միջև ընկած հատվածում գտնվող ինքնակամ կառույցները։ Այդտեղ գտնվող բնակելի 8 տների բնակիչները բողոքի ցույց էին անում` պնդելով, որ եթե քաղաքապետարանը քանդի իրենց տները, դրսում կմնան։ Իսկ քաղաքապետարանից վստահեցրել են, որ այդ տներից միայն երկուսում կան փաստացի բնակվողներ։