ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Իրանը խնդրել է Ռուսաստանին օգնել արբանյակային հետախուզություն իրականացնելու հարցում` կապված Իսրայելի հնարավոր հարվածներին նախապատրաստվելու հետ։ Այս մասին The New York Times–ին հայտնել են իրանցի երկու պաշտոնյա` անանուն մնալու պայմանով։ Ինչպես է Մոսկվան արձագանքել Թեհրանի խնդրանքին, չի նշվում։
Ավելի վաղ ԻԻՀ–ի արտգործնախարարը հայտարարել էր, որ բանակը պատրաստ է Իսրայելի հնարավոր գործողություններին ի պատասխան Իրանի հրթիռային գրոհի։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր հերթին հայտարարել է, որ Իսրայելի պոտենցիալ հարվածի դեպքում կարող է գրոհել իսրայելական երեք էլեկտրակայաններն ու մի քանի նավթամշակման գործարանները։
Նշենք, որ հոկտեմբերի 1-ին Իրանը հրթիռային հարված էր հասցրել Իսրայելին։ Առնվազն 400 բալիստիկ հրթիռ է արձակվել իսրայելական ռազմական օբյեկտների ուղղությամբ։ Ինչպես հայտնում է ԻՀՊԿ-ն, հրթիռների 80 տոկոսը խոցել են թիրախները։ Իրանական ԶԼՄ-ները գրում են, որ հրթիռները խոցել են Իսրայելի Աշքելոնի շրջանում գտնվող գազային հարթակները և հարվածել են իսրայելական Նևաթիմ ավիաբազային: