Ինչպես վիճարկել ապօրինի վարկերը. ՌԴ գլխավոր դատախազը պատրաստ է օգնել ԱՊՀ գործընկերներին

Անցյալ տարի 1,8 հազար հայց և դիմում է ուղարկվել ի պաշտպանություն խարդախների կողմից խաբված քաղաքացիների՝ ավելի քան 900 միլիոն ռուբլու չափով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Ռուս դատախազները պատրաստ են ԱՊՀ գործընկերների հետ կիսվել էլեկտրոնային ծառայությունների միջոցով առանց հաճախորդների իմացության կնքված վարկային գործարքների վիճարկման փորձով, հայտարարել է Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը:
«Մեզ մոտ ստեղծվել և կիրառվում է սոցիալական ինժեներիայի ոլորտում հանցագործների գործողությունների հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման մեխանիզմը։ Անցյալ տարի 1,8 հազար հայց և դիմում է ուղարկվել ի պաշտպանություն ավելի քան 900 միլիոն ռուբլու չափով խարդախների կողմից խաբված քաղաքացիների:
Մասնավորապես, դատարանում վիճարկվում են էլեկտրոնային ծառայությունների միջոցով հաճախորդների կամքին հակառակ կնքված վարկային գործարքները: Համապատասխան փորձառությունն արդեն մշակված է, և ձեր շահագրգռվածության դեպքում մենք պատրաստ ենք կիսվել դրանով»,-ասել է Կրասնովը Երևանում ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստի ժամանակ:
Նրա խոսքով՝ խարդախները, ներկայանալով որպես սոցիալական ծառայությունների, բանկերի և իրավապահ մարմինների աշխատակիցներ, իրենց զոհերին ստիպում են անձնական խնայողությունները փոխանցել իբր անվտանգ հաշիվներին, ինչպես նաև տարբեր տեսակի պարտքային պարտավորություններ ձևակերպել, այդ թվում՝ բջջային հավելվածների միջոցով:
Կրասնովը հավելել է, որ դատախազները մի շարք այլ միջոցներ են ձեռնարկում, որոնք ուղղված են բնակչության սոցիալապես խոցելի խմբերին պատկանող քաղաքացիների խնայողությունների պահպանմանը: Մասնավորապես, մշտական ստուգումներ են իրականացվում միկրոֆինանսական և կոլեկտորական կազմակերպությունների գործունեության օրինականության վերաբերյալ:
«Վերահսկողության միջոցներով մենք հասնում ենք պարտքերի հավաքագրման ոչ իրավաչափ միջոցների բացառմանը։ Օգնություն են ստանում այն քաղաքացիները, որոնք եկամտի մշտական աղբյուր չունեն կամ ժամանակավորապես ի վիճակի չեն կատարել փոխառման պարտավորությունները, այսինքն՝ ֆինանսական շղթաներում են հայտնվել․․․ Մենք պատրաստ ենք կիսվել մեր առաջատար ձեռքբերումներով, գործիքակազմով և մեթոդաբանությամբ՝ դատախազության իրավապաշտպան գործառույթն առավել արդյունավետ իրականացնելու համար»,- ասել է Կրասնովը։
1 տարվա ընթացքում պետությանն է վերադարձվել ավելի քան 30 մլն դոլար. Վարդապետյան
Նա իր զեկուցումն ավարտել է հայ անվանիբանաստեղծ Վահան Տերյանի խոսքերով․ «Մարդկությունը պետք է չափվի ոչ թե տեխնոլոգիաների, այլ ամենաթույլերի պաշտպանության առաջընթացով»:
Հիշեցնենք, որ ԱՊՀ մասնակից պետությունների Գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստը Հայաստանում անցկացվում է վերջին 17 տարվա ընթացքում առաջին անգամ: Օրակարգում ընդգրկված է 10 հարց: Նիստի արդյունքում կընտրվի Համակարգող խորհրդի նախագահը 2025 թվականի համար։