ՀՀ–ն 12 երկրի հետ միասին 2025 թ. կմասնակցի «Աշխարհի մեծագույն առաքելությանը». Ասլանյան

Հայկական տիեզերական ֆորում» հիմնադրամի հիմնադիր Հայկ Ասլանյանը
Միջոցառումը կտևի 2–4 շաբաթ։ Այդ նպատակով կբերվեն նաև նոր լաբորատոր սարքավորումներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. 2025 թվականին 12 երկիր, այդ թվում Հայաստանը, միաժամանակ կանցկացնեն «Աշխարհի մեծագույն առաքելություն» նախագիծը։ Այս մասին «ԴիջիԹեք էքսպո 2024» տեխնոլոգիական միջոցառման շրջանակներում Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հայկական տիեզերական ֆորում» հիմնադրամի հիմնադիր Հայկ Ասլանյանը։
«ՀՀ–ն` ի դեմս «Արմաշի», պատրաստվում է լայնածավալ անալոգային համաժողով կազմակերպել 2025 թվականի սեպտեմբերին, որի ընթացքում նմանատիպ բազաներ ունեցող երկրները համաժամանակյա փորձարկումներ կանցկացնեն»,– ավելացրեց նա։
Նա հիշեցրեց, որ այս տարվա մարտին ՀՀ–ում` Արարատի մարզի Արմաշ գյուղում անցկացվեց Մարսի անալոգային առաքելության միջոցառումը, որի կազմակերպիչներն էին «Ավստրիական տիեզերական ֆորումը» և «Հայկական տիեզերական ֆորումը»։ Միջոցառմանը մասնակցեց 200–ից ավելի գիտնական։
«Եթե առաջ ենթադրում էինք, որ միայն մեր անալոգային առաքելությունն է իջել Մարսի վրա, ապա հիմա 12 երկրի առաքելություն է լինելու` կեսը գնալու է Լուսին, կեսը` Մարս մոլորակ, ու դա կառավարվելու է «Ավստրիական ֆորումի» կողմից։ Այսինքն, եթե առաջ մեծ առաքելություններ էին, հիմա մեկ ընդհանուր առաքելություն է լինելու։ Ամեն առաքելություն իր երկրում մյուսների հետ միաժամանակյա անցկացնելու է այդ նախագիծը, դրա համար այն կոչվում է «Աշխարհի մեծագույն առաքելություն»,– նշեց Ասլանյանը։
Արմաշ գյուղում այս տարվա մարտին տեղակայվեց անալոգային տիեզերակայան, որտեղ վեց անալոգային տիեզերագնացներ լիակատար մեկուսացման պայմաններում գիտական հետազոտություններ և փորձեր անցկացրեցին։ Ասլանյանի խոսքով` դա հիմնական շինություն է, չի հավաքվել և դեռ շատ երկար է ծառայելու գիտությանը։
«Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով տիեզերակայանի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է. հեղեղները մեր գործունեության վրա նույնպես բացասական ազդեցություն թողեցին։ Հիմա փորձում ենք ավելի կատարելագործել տեղանքը ու պատրաստվել սեպտեմբերի առաքելությանը»,– վհատեցրեց նա։
Ասլանյանը տեղեկացրեց, որ 2025 թվականի մեծ առաքելությանը մասնակցելու համար արդեն ընտրվել են հայ անալոգ տիեզերագնացներ։ Ընտրությունը շատ բարդ է եղել, կարևորվել է, որ նրանք լինեն գիտնականներ։
«Քանի որ անալոգն ենք անում, այստեղ ոչ այնքան տիեզերագնացի, որքան գիտական հմտություններն են կարևոր, ոլորտին սիրահարված լինելն է կարևոր. ամեն մարդ չի կարող սիրել տիեզերքը»,– նկատեց Ասլանյանը։
Նա հիշեցրեց, որ «Աշխարհի մեծագույն առաքելությունը» մեկնարկելու է 2025 թվականի սեպտեմբերին։ Այս անգամ միջոցառումն ավելի փակ է անցկացվելու, խիստ սահմանափակ է լինելու անգամ ԶԼՄ–երի մուտքը` պայմանավորված միջոցառման կարևորությամբ։
Միջոցառումը կտևի 2–4 շաբաթ։ Այդ նպատակով կբերվեն նաև նոր լաբորատոր սարքավորումներ։
Երևանի կառավարման մեջ կներառվեն արհեստական բանակության կարողությունները. Ավինյան