Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի մի խումբ բնակիչների իրավունքները. ՄԻՊ

ՄԻՊ–ը պատշաճ վարչարարության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքների խախտում է արձանագրել ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻՊ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ մարդու իրավունքների պաշտպանը քննարկել է մի խումբ բնակիչների բողոքն ու եկել այն եզրահանգման, որ Լվովյան փողոցի ինքնակամ կառույցների ապամոնտաժման գործընթացում Երևանի քաղաքապետարանը խախտել է բնակիչների իրավունքները։
«ՄԻՊ–ն արձանագրել է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված պատշաճ վարչարարության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքների խախտում»,–նշված է հաղորդագրությունում:
Անահիտ Մանասյանը Երևանի քաղաքապետարանին առաջարկում է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ ինքնակամ կառուցված շինությունների ապամոնտաժման հետևանքով քաղաքացիների խախտված իրավունքների վերականցնման ուղղությամբ, ինչպես նաև ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հետագայում իրավունքի նմանատիպ խախտումները բացառելու ուղղությամբ։
Որոշումն ու դրանում արտահայտված Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները հասանելի են այստեղ։
Հիշեցնենք` Երևանի քաղաքապետարանը տարեսկզբին որոշում էր կայացրել քանդել Նոր Նորքի Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու «Վալենսիա» համալիրի միջև ընկած հատվածում գտնվող ինքնակամ կառույցները։ Այդտեղ գտնվող բնակելի 8 տների բնակիչները բողոքի ցույց էին անում` պնդելով, որ եթե քաղաքապետարանը քանդի իրենց տները, դրսում կմնան։ Իսկ քաղաքապետարանից վստահեցնում են, որ այդ տներից միայն երկուսում կան փաստացի բնակվողներ։