Երևանի կառավարման մեջ կներառվեն արհեստական բանակության կարողությունները. Ավինյան

Տիգրան Ավինյան. Արխիվային լուսանկար
«ԴիջիԹեք էքսպո 2024» տեխնոլոգիական միջոցառումն այս տարի անցկացվում է հոկտեմբերի 4–6–ը «Մերիդիան էքսպո» կենտրոնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Տեխնոլոգիական փոխակերպումն է այն ճանապարհը, որ մեր կյանքը կդարձնի ավելի լավը և ավելի բարեկեցիկ։ Երևանում անցկացվող «ԴիջիԹեք էքսպո 2024» տեխնոլոգիական միջոցառման բացմանը հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Իր ելույթի ժամանակ նա խոսեց տեխնոլոգիական այն նոր գործիքներից, որոնք կներառվեն Երևանի կառավարման համար։
Առաջին հերթն նա առանձնացրեց GIS համակարգը, որը հնարավորություն է տալիս քարտեզագրել ու վերլուծել քաղաքային ենթակառուցվածքները` ապահովելով խելացի պլանավորում ու զարգացում։
«Այս համակարգի միջոցով մենք արդեն տեսնում ենք Երևանի օդի որակի, ենթակառուցվածքների իրական վիճակը, կադաստրային քարտեզը։ Բացի այդ «Ակտիվ երևանցի» հարթակի միջոցով մենք տեսնում ենք երևանցիների կողմից բարձրաձայնվող հարցերը, որոնց արձագանքում ենք քաղաքապետարանում և վարչական շրջաններում»,– ընդգծեց Ավինյանը։
Ըստ նրա` այս ամենը տվյալների հսկայածավալ վերլուծության հնարավորություն է տալիս։ Երևանի քաղաքապետը նշեց, որ հաջորդ փուլով այս ամենը բերելու է կառավարման համակարգում արհեստական բանականության կիրառմանը, և յուրաքանչյուր որոշում, որը կիրականացվի քաղաքապետարանում, հիմնված կլինի այս փաստերի վրա։
Քաղաքապետն այն համոզմանն է, որ տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ավելի արդյունավետ, թափանցիկ, դինամիկ դարձնել կառավարման համակարգը` ապահովելով ավելի բարձր որակի ծառայություններ երևանցիների և հյուրերի համար։
Նշենք, որ «ԴիջիԹեք էքսպո 2024» տեխնոլոգիական միջոցառումն այս տարի անցկացվում է հոկտեմբերի 4–6–ը «Մերիդիան էքսպո» կենտրոնում։ Տեխնոլոգիական ցուցահանդեսին կմասնակցեն տարբեր ոլորտների 200–ից ավելի ընկերություններ Հայաստանից և այլ երկրներից։