ԵԱՏՄ-ն ապրանքային նշանների մասին տեղեկատվության որոնման ծառայություն կստեղծի

Միության շրջանակներում նման ծառայության ստեղծումը կկրճատի տեղեկատվություն ստանալու ժամանակային և ֆինանսական ծախսերը և շուկայի մասնակիցներին կօգնի ավելի արդյունավետ մարկետինգային ռազմավարություններ մշակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիան հավանություն է տվել ԵԱՏՄ պետություններում պահպանվող արդյունաբերական սեփականության օբյեկտների մասին տեղեկատվության որոնման ծառայության ստեղծման մասին համաձայնագրի նախագիծը այդ երկրների կառավարություններ ուղարկելուն:
ԵՏՀ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ համաձայնագիրը ենթադրում է տեղեկատվական ռեսուրսի ստեղծում, որը կներառի տվյալներ միության երկրներում գրանցված ապրանքային նշանների, սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների և աշխարհագրական նշումների մասին:
Միասնական որոնողական ծառայության գործարկումը կապահովի տեղեկատվության հասանելիությունը «մեկ պատուհանի» սկզբունքով։ Օգտատերերը, ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիտ Սուլթանովի խոսքով, կկարողանան անվճար և հեռակա կարգով տեղեկատվություն որոնել՝ օգտագործելով ընդլայնված ֆիլտրեր և չափանիշներ։
Միության շրջանակներում նման ծառայության ստեղծումը կկրճատի տեղեկատվություն ստանալու ժամանակային և ֆինանսական ծախսերը և շուկայի մասնակիցներին կօգնի ավելի արդյունավետ մարկետինգային ռազմավարություններ մշակել։
Համաձայնագրի նախագիծը մշակվել է հանձնաժողովի խորհրդի կողմից 2021 թվականին հաստատված Ռազմավարություն-2025-ի իրականացման շրջանակներում: