Անդրազգային հանցավորության դեմ պայքարում կարևոր է ԱՊՀ երկրների գործակցությունը. Գրիգորյան

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34–րդ նիստի ժամանակ
ՀՀ փոխվարչապետի խոսքով` ԱՊՀ համագործակցության պայմանագրաիրավական համակարգերի թարմացումը խիստ արդիական և առաջնային է բոլորի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. ԱՊՀ երկրների միջև բազմավեկտոր համագործակցությունը ներառում է բազմաթիվ բնագավառներ, այդ թվում` հանցագործությունների դեմ պայքարը։ ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34–րդ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նշենք, որ 17 տարի անց Երևանը կրկին ընդունել է ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստը:
«Այս ուղղությամբ մենք ունենք մի շարք բազմակողմանի և երկկողմ պայմանագրեր միջազգային համագործակցության համար, այդ թվում` քրեական վարույթների հետ կապված իրավական համագործակցության առումով»,– նշեց նա։
Ըստ փոխվարչապետի` մեր օրերում անդրազգային հանցագործությունները մեծ խնդիր են դարձել իրավապահ համակարգի համար. լատենտ և համակարգված հանցագործությունը, որի մասշտաբայնությունը երբեմն դուրս է գալիս մի պետության սահմաններից և ներառում ամբողջ տարածաշրջանը, պահանջում է միջազգային նոր որակի համագործակցություն։
«Թվային աշխարհում իրավապահ համակարգի համագործակցությունը նշանակալիորեն ավելի է ամրապնդվում։ Այս համատեքստում ԱՊՀ համագործակցության պայմանագրաիրավական համակարգերի թարմացումը միանշանակ խիստ արդիական և առաջնային է բոլորիս համար։ Այս առումով 30 տարվա ընթացքում ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհուրդը լավագույնս է իրականացրել իր առջև դրված բոլոր խնդիրները և իր պատասխանատու դերը` միավորելու բոլոր ջանքերը` ամրապնդելու ԱՊՀ երկրների դատախազությունների միջև եղած համագործակցությունը մարդու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև հանցագործությունների դեմ պայքարի հարցերում»,– հայտարարեց Գրիգորյանը։
ՀՀ փոխվարչապետի խոսքով` այս հարցերում շատ կարևոր դերակատարում ունեն գիտական հետազոտությունները, որոնք անցկացվում են ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի կողմից։
ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստի օրակարգային հարցերի քննարկման արդյունքներով կընդունվեն խորհրդում ներկայացված ԱՊՀ անդամ պետությունների համակարգող խորհրդի և դատախազությունների գործունեության կատարելագործմանն ուղղված որոշումներ:
Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստը վերջին անգամ Հայաստանի Հանրապետությունում անցկացվել էր 2007 թվականին:
ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները ծաղկեպսակներ են դրել «Հաղթանակ» զբոսայգի հուշահամալիրում