ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. 17 տարի անց Երևանը կրկին ընդունել է ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստը:
34-րդ նիստին մասնակցում են համակարգող խորհրդում ներկայացված ԱՊՀ մասնակից պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի դատախազությունների պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհուրդ քարտուղարության պատվիրակությունը:
«Ուրախ եմ, որ չնայած ձեր խիտ գրաֆիկին կարողացաք ընդունել մեր հրավերը և ժամանել Երևան։ Մաղթում եմ կառուցողական ու բեղմնավոր աշխատանք»,– բացման խոսքում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Օրակարգում ընդգրկված է 10 հարց, այդ թվում` ԱՊՀ անդամ երկրներում հանցավորության վիճակը, հանցավորության դեմ պայքարում իրավական փոխգործակցությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, օրենքի գերակայության ապահովումը և այլն։
ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը իր խոսքում հույս հայտնեց, որ համակարգող խորհրդի նիստի արդյունքները արդյունավետ կլինեն մասնակից բոլոր երկրների համար։
«Ներկայացված օրակարգը ցույց է տալիս գլխավոր դատախազների համակարգող խորհրդի բազմաբովանդակ գործունեությունը, դրա մասին է վկայում նաև այսօրվա զեկույցների թեմատիկան։ Համոզված եմ, որ փորձի փոխանակումը կնպաստի դատախազական գործունեության կատարելագործմանը, այդ թվում` ժամանակակից քրեական սպառնալիքներին հակազդելու, ինչպես նաև մեր երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար համատեղ ջանքերի հետագա համախմբման նպատակով»,- ասաց նա։
ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստի օրակարգային հարցերի քննարկման արդյունքներով կընդունվեն խորհրդում ներկայացված ԱՊՀ անդամ պետությունների համակարգող խորհրդի և դատախազությունների գործունեության կատարելագործմանն ուղղված որոշումներ:
Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստը վերջին անգամ Հայաստանի Հանրապետությունում անցկացվել էր 2007 թվականին: