Սյունիքի էկոպարեկային ծառայությանը մոտ 510 մլն դրամ կհատկացվի

Սյունիքի մարզում կլինի 184 էկոաշխատող, իսկ ընդհանուր առմամբ` էկոպարեկների թիվը հանրապետությունում կլինի մոտ 1000–ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Մոտ 510 մլն դրամ կհատկացվի Սյունիքի էկոպարեկային ծառայությանը: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը նշեց, որ 2024 թվականի հունվարի 1–ից ստեղծվել է էկոպարեկային ծառայությունը, որը պետական անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացնում է 24/7 ռեժիմով պահպանություն` նախկին 8 ժամվա փոխարեն։
Գարնանը կսկսվեն էկոպարեկների դասընթացները. Սիմիդյանը` նոր ծառայության մասին
Փոխնախարարի առաջարկով` Սյունիքի մարզային վարչության տեխնիկական կարողությունների ընդլայնման համար նախարարության միջոցներից վերաբաշխման արդյունքում 509 մլն 512 հազար դրամ կհատկացվի։
«Այդ գումարները կուղղվեն արագ արձագանքում պահանջող խնդիրների լուծման պատշաճ իրականացման համար 22 գործառնական մեքենաների ձեռքբերման համար, որոնք հատուկ կահավորանքով և մոբայլ համակարգով հագեցված կլինեն»,– նշեց Գաբրիելյանը։
Նա ավելացրեց, որ հանրապետության ամբողջ էկոծառայության համար նախատեսված է շուրջ 142 մոբայլ միջոցներ` գործառնական մեքենաներ, որոնք տրվելու են 7 մարզային և 18 տեղամասերի։ Էկոպարեկային ծառայությունը կգործի երկու հերթափոխով` 12– ժամյա գրաֆիկով, յուրաքանչյուր շարժակազմում կլինի երկու պարեկ։
«Մեքենաների թվաքանակը կախված կլինի նրանից, թե ինչ տարածք են սպասարկելու` չափսերը, առանձնահատկությունները»,– ասաց Գաբրիելյանը։
Նա տեղեկացրեց, որ Սյունիքի մարզում կլինի 184 էկոաշխատող, իսկ ընդհանուր առմամբ` էկոպարեկների թիվը հանրապետությունում կլինի մոտ 1000–ը։
Պետք է շատ ուժեղ ռեզերվ ձևավորվի. Սևանա լճում գործարկվեց Ջրային պարեկային ծառայությունը
Հիշեցնենք, որ շրջակա միջավայրի պահպանության ծառայություն ստեղծելու որոշումը կառավարությունը կայացրել էր 2023-ի նոյեմբերին։ Ծառայողին տրվելու է իրավախախտումն արձանագրելու, վարույթ հարուցելու, վնասը չափելու և տուգանք նշանակելու իրավունք, եթե իրավախախտողը չենթարկվի ծառայողի պահանջներին։ Նրանք ունեն նաև ֆիզիկական ուժ կիրառելու իրավունք։ Ծառայությունը հագեցած կլինի ժամանակակից միջոցներով, կվերազինվի, ծառայողները համապատասխան հանդերձանք կունենան։