ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Այս մասին նա ասել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինի հետ հանդիպմանը:
«Եկել եմ, որպեսզի այս անհանգիստ ժամանակահատվածում փորձեմ իմ ջանքերը ներդնել և կարգավորել հայ-ռուսական հարաբերությունները, բերել այն վիճակին, որը մեզ համար բավարար կլինի», - ասել է Արսենյանը։
Նա նշել է, որ Հայաստանը երկիր է, որն ունի դաշնակից, որի հետ կա դաշնակցային պայմանագիր և որը Ռուսաստանի հետ գտնվում է տնտեսական միության մեջ։
«Այն, ինչ տեղի է ունենում մեդիադաշտում, բացարձակ չեմ հասկանում, ինչու է այդպես։ Ինչի՞ց ենք ելնում` իրականությունի՞ց, թե՞ ինչ–որ թվացյալ պատկերներից», – հավելել է դիվանագետը։
Արսենյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է գործողություններ ձեռնարկել, որոնք կնպաստեն, որպեսզի «ժողովուրդներն ապրեն անվտանգության և բարգավաճման մեջ»։
Հիշեցնենք, որ Գուրգեն Արսենյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպան է նշանակվել 2024-ի օգոստոսի 14-ին։ Այդ պաշտոնում նա փոխարինեց Վաղարշակ Հարությունյանին (ՀՀ նախկին պաշտպանության նախարարին, որը զբաղեցնում էր դեսպանի պաշտոնը 2022 թվականի հունվարից)։ Մինչ այդ Արսենյանը, լինելով պատգամավոր, մի շարք հակառուսական արտահայտություններ և հայտարարություններ է հնչեցրել։ Սակայն դեսպան նշանակվելուց հետո հայտարարել է, որ որպես դիվանագետ այսուհետ սահմանափակ է ներքաղաքական դիրքորոշումն արտահայտելու մեջ, քանի որ դա է պահանջում քաղաքական զսպվածության սկզբունքը։