Պետք է աշխատել 24 ժամ. Դալլաքյանը՝ Երևանում երթևեկության համար անկանխիկ վճարումների մասին

Անհրաժեշտ են նոր մոտեցումներ, այդ թվում՝ անապահով սոցիալական խմբերի և այն մարդկանց նկատմամբ, որոնք այս կամ այն պատճառով չեն կարողանում օգտվել սմարթֆոններից, նշում է նախկին պատգամավորը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանում ուղևորների «տրանսպորտային գրագիտությունը» դեռևս հեռու է եվրոպական մակարդակից, և Երևանի քաղաքապետարանն անելիք ունի, որպեսզի անկանխիկ վճարման համակարգը սկսի լիարժեք գործել: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Մուլտի Ավտոտրանս» ընկերության նախկին տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Դալլաքյանը։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պահանջել էր արագացնել հասարակական տրանսպորտում անհպում վճարման համակարգի ներդրումը: Անցած շաբաթ կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ նա դժգոհել էր միասնական վճարային համակարգին անցնելու տեմպերից։ Քաղաքապետն անբավարար էր համարել նոր համակարգի օգտատերերի ընդամենը 1 %-ի հասնող ցուցանիշը։
«Չգիտեմ՝ կստացվի դա քաղաքային իշխանությունների մոտ, թե ոչ․ առայժմ դրական տեղաշարժ չի նկատվում։ Բայց ամեն դեպքում միանշանակ է, որ վճարման միասնական համակարգը մայրաքաղաքի տրանսպորտի սպասարկման ոլորտում մեր ապագան է։ Բնականաբար, այսօր տոկոսային հարաբերությամբ օգտվողները քիչ են, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում։ Մեր ուղևորների տրանսպորտային գրագիտությունը դեռ չի հասել եվրոպական մակարդակի։ Եթե կենտրոնանանք այսօրվա ցուցանիշների վրա և 1%-ը համարենք չափանիշ, ապա դա չի աշխատի։ Սա պետք է գործարկել: Վստահ եմ՝ վաղ թե ուշ, բոլորը կսկսեն օգտվել նոր համակարգից», - ընդգծեց մեր զրուցակիցը։
Նա կարծում է, որ հնարավոր կլինի փորձեր կատարել վճարման տարբեր եղանակների և մեթոդաբանությունների հետ: Այդ թվում, էլեկտրոնային տոմսերով՝ պլաստիկ քարտերի տեսքով։ Փորձարկումների և սխալների միջոցով կարելի է ընտրել լավագույն տարբերակը, ասում է նախկին պատգամավորը։
Հանրային տրանսպորտում սահմանափակումներ են պետք. Ավինյանը` նոր տոմսային համակարգի մասին
Բացի այդ, անհրաժեշտ են նոր մոտեցումներ, այդ թվում՝ անապահով սոցիալական խմբերի և այն մարդկանց նկատմամբ, որոնք այս կամ այն պատճառով չեն կարողանում օգտվել սմարթֆոններից ։ Օրինակ, պետք է հաշվի առնել, որ շատ տարեցներ վատ են տիրապետում ժամանակակից սարքավորումներին։
Տրանսպորտային ընկերության նախկին ղեկավարը նաև կասկած է հայտնել միայն մեկ ֆինանսական կազմակերպության (Telcell) կողմից վճարման ծառայությունների մատուցման նպատակահարմարության վերաբերյալ:
«Ես միանշանակ դեմ եմ Telcell-ին մենաշնորհի տրամադրմանը։ Շատ այլ ընկերությունների կարելի է հետաքրքրել, որպեսզի ներգրավվեն այս համակարգում: Պարտադիր չէ, որ միայն Telcell-ն ունենա նման գործառույթներ։ Մի օր դա կհանգեցնի փակուղու․ պետք է այնպես անել, որ մարդիկ իրավունք ունենան օգտվել մի քանի ընկերությունների ծառայություններից Պետք է այդ ամենն ավելի բաց ու թափանցիկ դարձնել», - շեշտեց Դալլաքյանը։
Խոսելով քաղաքապետարանի աշխատանքում առկա խնդիրների մասին՝ նա նախ նշեց որակյալ կադրերի պակասը։ Եվ շատ կարևոր է, ըստ նախկին պատգամավորի, տրանսպորտային խնդիրների լուծման ուղղությամբ աշխատել գրեթե շուրջօրյա։ Տրանսպորտը չի սիրում պարապուրդ, նույնիսկ 5 րոպե, ասում է նա։ Պետք է օրական 24 ժամ աշխատել՝ արդյունքի հասնելու համար։
Հիշեցնենք, որ նախապես՝ Երևան քաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի վճարման միասնական համակարգի գործարկումը նախատեսվում էր 2024 թվականի սեպտեմբերի 1-ին, այնուհետև այն հետաձգվեց մինչև 2024 թվականի հոկտեմբերի վերջ-նոյեմբերի սկիզբ: Սակայն այն հերթական անգամ տեղափոխվեց, և կմեկնարկի 2025 թվականի հունվարի 1-ին։