ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում ազգային ֆիլմերի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները կներկայացվեն կինեմատոգրաֆիայի ազգային մարմին։ Տեղեկությունների տրամադրման համապատասխան կարգը հաստատվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ:
Նշվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1–ից:
«Որոշման այս նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ազգային ֆիլմերի ցուցադրման, հեռարձակման տեղեկատվության հավաքագրման և վերլուծության, կինեմատոգրաֆիայի ոլորտում գովազդային բաղադրիչի կարգավորման, պետական աջակցության նպատակային ծախսի մոնիթորինգի, կինոսպառողների շահերի պաշտպանության և այլ հանգամանքներով»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Այս նախագծի իրականացման համար անհրաժեշտ կլինի ներդնել թվայնացման և ավտոմատացման համակարգ, ըստ այդմ` ստեղծել միասնական տեղեկատվական համակարգ: Այն չի նախատեսի տոմսերի վաճառք, այլ կունենա ծրագրային փոխկապակցվածություն կինոթատրոնների գործող տոմսային համակարգի հետ՝ API–ի միջոցով:
Նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրվել է ԱՄՆ-ի, ՌԴ–ի, Հունգարիայի, Ռումինիայի և Թուրքիայի փորձը: Նշված երկրներում (բացառությամբ Ռուսաստանի Դաշնությունը) բացակայում է միասնական մոտեցում, տվյալների հավաքագրումը իրականացվում է միջազգային կազմակերպության կողմից, որից պետությունը անհատ կազմակերպությունների միջոցով գնում է սեփական երկրի տվյալները:
«Ռուսաստանի Դաշնության փորձը տվյալ գործում լավագույն օրինակն է. միասնական տեղեկատվական համակարգը մշակված է ՌԴ մշակույթի նախարարության կողմից, տնօրինող կազմակերպություն է նշանակվել Կինոյի հիմնադրամը»,– ասված է որոշման մեջ:
Նշվում է, որ այդ տվյալների հիման վրա ՌԴ–ում ֆիլմարտադրողները կարողանում են հասկանալ հանրության տրամադրությունը և թեմաների հանդեպ հետաքրքրվածությունը, ֆիլմ տարածողները կարողանում են ֆիլմի ցուցադրման և տարածման ճիշտ ռազմավարություն մշակել, իսկ պետական լիազորված մարմինը կարողանում է տեսնել պետական բյուջեի հաշվին նկարահանված ֆիլմերի արդյունավետությունը: