ՀՀ տնտեսությունը գնում է իր ճանապահով, գներն էլ «որոշում» են արտաքին գործոնները. տնտեսագետ

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով` ՀՀ սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը կազմել է 0.6 %, վերջին 1 ամսվա գնաճը՝ 0.2: Գնաճի պատճառների ու տնտեսության մեջ հնարավոր զարգացումների շուրջ Sputnik Արմենիան զրուցել է տնտեսագիտության դոկտոր Կարեն Ադոնցի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանյան տնտեսության մեջ գրանցվող տարբեր իրողությունները, այդ թվում՝ գնաճն ու գնանկումը, որևէ կապ չունեն տնտեսական կանոնավոր երևույթների հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել տնտեսագիտության դոկտոր Կարեն Ադոնցը` մեկնաբանելով Վիճակագրական կոմիտեի հրապարակած գնաճի վերջին` սեպտեմբեր ամսվա ցուցանիշները։
«Դրսի շուկան այսօր անկայուն վիճակում է, կան գործոններ, որոնք անմիջապես փոխում են իրավիճակը ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում։ Օրինակ` Միջին Արևելքում տեղի ունեցող գործընթացները կարող են փոխել նավթի, գազի գները, դրանով պայմանավորված կարող են տեղի ունենալ տարբեր գործընթացներ։ Գործոնները , որոնք այսօր կարող են ազդել գների վրա, տնտեսագիտական գործոններ չեն, այլ պայմանավորված են արտաքին շուկաներում որոշակի անկայունության, գործընթացների սպասումներով»,– նշում է Ադոնցը` հավելելով, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում դժվար է տնտեսագիտական կանխատեսումներ անելը, հատկապես` ՀՀ–ի նման երկրների համար։
«Հայաստան ի տնտեսությունը գնում է իր ճանապարհով, որն ընտրել է, այդ ճանապարհով շարունակում է «զարգանալ», և ինչ–որ առումով կայուն կլինի այնքան ժամանակ, քանի դեռ կշարունակվի պահանջարկային տնտեսությունը, այն գործիքները, որոնցով այսօր ապահովվում է տնտեսական աճը։ Մենք չունենք տնտեսություն, մենք մի քանի ոլորտների վրա հենված ագրարաառևտրային տնտեսություն ենք։ Չունենք արդյունաբերություն, չունենք հեռանկար, քանդել ենք բոլոր հիմքերը, կրթությունը, գիտությունը։ Ուղղակի ողբալի վիճակ է։ Իսկ թե ինֆլյացիան մի քիչ ավելի, մի քիչ պակաս կլինի, ֆունդամենտալ առումով որևէ բան չի փոխում»,– կարծիք է հայտնում մասնագետը։
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով` ՀՀ սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը (2024 թ. սեպտեմբերը 2023 թ. սեպտեմբերի նկատմամբ) կազմել է 0.6 %, վերջին 1 ամսվա գնաճը (2024 թ. սեպտեմբերը օգոստոս նկատմամբ)՝ 0.2 %:
1 տարվա ընթացքում ալյուրը թանկացել է 1%-ով, սուրճը՝ 9.2 %, կարագը՝ 1.2 %, շաքարավազը` 7.4 %–ով:
Սննդամթերքից էժանացել են հիմնականում ձավարը՝ 6.7 %–ով, մակարոնեղենը՝ 6.2 %–ով, խոզի և տավարի միսը` 4.5 %–ով, կաթը՝ 1.8 %-ով, հացը՝ 0.4 %-ով:
Էլեկտրաէներգիայի գները ՀՀ–ում ցածր կլինեին, եթե դուրս գայինք ԵԱՏՄ, ԵՄ շուկաներ. Բաղրամյան
Ծառայությունների ոլորտում հանգիստն ու մշակույթը թանկացել են 0.3 տոկոսով, ռեստորաններն ու հյուրանոցները` 2.7, կրթությունը` 7.8%–ով։ Բժշկական ծառայությունները թանկացել են 2.5 %-ով, տրանսպորտի ծառայությունները` 17.0 %-ով։
Գնաճային որոշ միտումներ Կարեն Ադոնցը պայմանավորում է ՀՀ–ում աշխատավարձերի որոշակի աճով, պահանջարկի խթանմամբ, տուրիզմի ոլորտում` ռեստորան–հյուրանոցներում գների բարձրացումը` զբոսաշրջային հոսքերի, ՌԴ–ից ռելոկանտների թվի նվազմամբ։ Այդուհանդերձ, նրա պնդմամբ, տնտեսության մեջ տեղի ունեցող փոփոխությունները հիմնականում շարունակում են կրել արտաքին գործոնների ազդեցությունը։
«Ցանկացած գործոն` դրսից, թե ներսից, կարող է ազդել և՛ գների, և՛ զարգացման, և՛ տնտեսական աճի վրա։ Մենք չունենք դինամիկ, զարգացմանը միտված տնտեսական կառուցվածք, որը հստակ նախանշում է տնտեսության զարգացման ուղղությունը, առաջնային ոլորտները, հետևաբար, այս իրավիճակում շատ դժվար է նույնիսկ միտումների մասին խոսել»,– ասում է մեր զրուցակիցը։
Որպես օրինակ` տնտեսագետը մատնանշում է ոսկյա զարդերի 12 տոկոսանոց գնաճը 1 տարվա ընթացքում։ Ադոնցի գնահատմամբ` գնաճի հիմնական խթանը վերաարտահանումն է։ Ըստ նրա, այսօր այս ոլորտը Հայաստանում գրեթե ամբողջությամբ «նստած է» վերաարտահանման վրա, քանի որ այդտեղ եկամուտները մի քանի անգամ ավելի բարձր են, քան ներքին սպառման շուկայում։ Միաժամանակ արտաքին շուկայում պահանջարկի ու գնաճի ազդեցությամբ ոսկյա զարդերը թանկանում են նաև ներքին շուկայում։ Տնտեսագետը չի բացառում, որ վերաարտահանման գործոնի ինչ–որ պատճառով վերանալուց հետո ոսկու գինը Հայաստանում կնվազի։