Հայաստանը Փարիզում դեսպանության նոր շենք է գնել 23 միլիոն եվրոյով

Շենքը նախկինում ծառայել է որպես Ֆրանսիայի նախագահի կեցավայր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանի Հանրապետությունը Ֆրանսիայում դեսպանության շենք է ձեռք բերել։ Ֆեյսբուքյան իր էջում լուրը հայտնեց և ՀՀ դեսպանության նոր շենքը ցույց տվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ-ն Փարիզում գտնվող շենքը գնել է 23 միլիոն եվրոյով։ Շենքը ժամանակին եղել է Ֆրանսիայի նախկին նախագահ (1974-1981) Վալերի Ժիսկար դ'Էստենի կեցավայրը։
ՀՀ դեսպանատունը գտնվում է Փարիզի 16-րդ թաղամասում, որտեղ, վարչապետի խոսքով, կենտրոնացած է Ֆրանսիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների մեծ մասը։
Ֆրանսիայում ՀՀ դեսպանության տեղակայման գործող շենքը սեփականության իրավունքով չի պատկանում ՀՀ-ին, այն անհատույց է օգտագործվում: Պայմանագրով տրամադրվել է 1995 թվականին: Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման, գործառույթների ընդլայնման արդյունքում ներկայիս շենքային պայմանները չեն բավարարում, քանի որ դեսպանությունում տեղակայված են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում, Ֆրանկոֆոնիայում ՀՀ մշտական ներկայացուցչությունները:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում:
2023 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Լոնդոնի կենտրոնական հատվածում` մի շարք դեսպանությունների և պետական գերատեսչությունների հարևանությամբ, Հայաստանի Հանրապետությունը 17 մլն 380 800 ֆունտ ստեռլինգով (ավելի քան 8 մլրդ դրամ, ավելի քան 20 մլն եվրո) ձեռք է բերել դեսպանության նոր շենք։