ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik․ Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը Երևան է ժամանել։ Հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը և գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը։
Կրասնովը Երևանում մասնակցելու է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին:
Նիստի աշխատանքներին կմասնակցեն Համակարգող խորհրդում ներկայացված ԱՊՀ մասնակից պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի դատախազությունների պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ համակարգող խորհրդի քարտուղարության պատվիրակությունը: Օրակարգում ընդգրկված է 10 հարց:
Իգոր Կրասնովը համակարգող խորհրդի նախագահն է, որը ստեղծվել է օրինականության ապահովման, քաղաքացիների իրավունքների և ազատությունների պահպանման, հանցավորության դեմ պայքարի ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների դատախազությունների գործողությունների և համագործակցության համաձայնեցման և միավորման համար:
Կրասնովն այցի ընթացքում նաև մի շարք հանդիպումներ կունենա օտարերկրյա գործընկերների հետ, որոնց ընթացքում կողմերը կկարողանան կարծիքներ փոխանակել առանցքային հարցերի շուրջ և համատեղ լուծումներ մշակել աշխատանքի արդյունավետության բարձրացման համար:
Նշենք, որ ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհուրդը ստեղծվել է 1995 թվականին, իսկ 2000 թվականին ստացել է Անկախ պետությունների համագործակցության միջպետական մարմնի կարգավիճակ:
Հիշեցնենք, որ Կրասնովը վերջին անգամ Հայաստանում է եղել 2021 թվականին՝ իր այն ժամանակվա հայ գործընկեր Արթուր Դավթյանի հրավերով։