Էրդողանը Թուրքիայի ԱԽ-ի հետ կքննարկի Իրանի հարվածներն Իսրայելին և իրավիճակը Լիբանանում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը . Արխիվային լուսանկար
Նիստին կմասնակցեն Թուրքիայի անվտանգության բյուրոյի բարձրաստիճան ղեկավարները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է այսօր Անվտանգության խորհրդի հետ քննարկել Իսրայելի ուղղությամբ Իրանի հրթիռային հարվածներն ու Լիբանանում տիրող իրավիճակը: Այս մասին գրում է Milliyet թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները կքննարկվեն Ազգային անվտանգության խորհրդի (MGK) նիստում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ: Նիստին կմասնակցեն խորհրդի կազմում ընդգրկված նախարարները, ինչպես նաև անվտանգության բյուրոյի բարձրագույն ղեկավարները: Հանդիպման օրակարգում կլինեն Լիբանանում Իսրայելի գործողությունները և Իրանի հրթիռային հարվածներն Իսրայելին»,-գրում է պարբերականը։
Նշենք, որ հոկտեմբերի 1-ին Իրանը հրթիռային հարված էր հասցրել Իսրայելին։ Առնվազն 400 բալիստիկ հրթիռ է արձակվել իսրայելական ռազմական օբյեկտների ուղղությամբ։ Ինչպես հայտնում է ԻՀՊԿ-ն, հրթիռների 80 տոկոսը խոցել են թիրախները։ Իրանական ԶԼՄ-ները գրում են, որ հրթիռները խոցել են Իսրայելի Աշքելոնի շրջանում գտնվող գազային հարթակները և հարվածել են իսրայելական Նևաթիմ ավիաբազային:
Իսրայելական «9» հեռուստաալիքը, հղում անելով ՑԱԽԱԼ-ին, հայտնել է, որ հրթիռային հարձակումը հետևանքներ կունենա: Իսկ ԻՀՊԿ-ում այդ պարագայում կործանարար պատասխան են խոստացել։