ԵՊՀ–ում դասախոսների աշխատավարձերը բարձրացել են, Պոլիտեխնիկում նույնպես կբարձրանան

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում դասավանդող դոցենտներն ու գիտությունների թեկնածուները կստանան ավելի բարձր աշխատավարձ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ, ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը։
«Դոցենտ, գիտությունների թեկնածուի տարակարգի համար 1 դրույք (720 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում աշխատավարձը կկազմի` 374.400 դրամ, 1.5 դրույք (1080 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում՝ 561.600 դրամ, իսկ դոցենտի կամ գիտությունների թեկնածուի տարակարգերի համար 1 դրույք (720 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում աշխատավարձը կկազմի` 316.800 դրամ, 1.5 դրույք (1080 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում՝ 475.200 դրամ»,– գրել է նա:
Ավելի վաղ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գրել էր, որ սեպտեմբեր ամսից Մայր բուհի աշխատակիցների աշխատավարձերը հերթական անգամ բարձրացել են 10 տոկոսով։
«Տեղեկացնեմ, որ 2022 թվականից ի վեր ԵՊՀ-ում արդեն իսկ 3 անգամ 10 տոկոսով բարձրացել են պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերը, 2 անգամ էլ տասը տոկոսով՝ բոլոր աշխատակիցների հիմնական աշխատավարձերը»,– գրել է նա։
Պապիկյանը տեղեկացրել է նաև, որ բացի դրանից, ուսումնաօժանդակ համակազմի աշխատավարձը վերապատրաստման և ատեստավորման արդյունքում աճել է մինչև 50 տոկոսով։
ԵՊՀ-ում հաստատված կարգի համաձայն՝ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն առաջիկայում հնարավորություն կունենան կամավոր անցնելու ատեստավորում, որի արդյունքում նրանց աշխատավարձը կարող է բարձրանալ 20-40 տոկոսով։