ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Երկու անձ տեղափոխվել է ոստիկանության բաժին Դավթաշեն թաղամասում շուրջ 5 տասնյակ բարդի կտրելու կասկածանքով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Այսօր Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, քաղաքացին հատել է թվով 45 բարդի տեսակի ծառեր»,– հայտնել է նա։
Կոստանյանը նշել է, որ ահազանգը ստանալուց հետո դեպքի վայր են մեկնել վարչական շրջանի ղեկավարն ու աշխատակազմի անդամները, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավարն ու աշխատակիցները, ինչպես նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչները, ինչի արդյունքում կանխվել է հետագա ծառահատումը։