Երևանյան խանութներում վաճառվող լավաշը այս օրերին թանկացել է։ «Սևանի հացի գործարանի» սեփականատեր Աշոտ Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է լավաշի գնի բարձրացման փաստը, պատճառաբանելով, որ ներկրվող ցորենն է թանկացել, ինչն էլ իր հերթին ազդել է ալյուրի գնի վրա։
«Վերջին 1 ամսվա ընթացքում 50 կգ–անոց պարկը 21 դոլարից դարձել է 24.3 դոլար։ Համարժեք չափով բարձրացել է նաև լավաշի 1 կգ-ի գինը»,-մանրամասնել է Ավետիսյանը։
Երևանյան վաճառակետերում հոկտեմբերի 2-ին 1 կգ լավաշի գինը մեկ օրվա ընթացքում 595 դրամից դարձել է 620 դրամ։ Սևանի հացի գործարանի տնօրենը հիշեցնում է, որ Հայաստան ցորենը հիմնականում ներկրվում է ՌԴ-ից, և տեղական շուկայում թանկացումը, նրա մեկնաբանմամբ, կապված է հենց ՌԴ-ում ցորենի գնի թանկացման հետ։
«Ռուսաստանում այս տարի երաշտ է գրանցվել, ու ցորենի արտադրության մեծ դեֆիցիտ կա։ Այնպես որ հավանականությունը մեծ է, որ առաջիկայում ՌԴ-ից ներկրվող ցորենի գինը էլի կբարձրանա».-փաստել է հացի գործարարնի սեփականատերը։
Ըստ Աշոտ Ավետիսյանի` թանկացումներն առաջիկայում կտարածվեն նաև մյուս հացատեսակների, ինչպես նաև ալյուրից ստացվող այլ արտադրատեսակների վրա։