ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Սևան քաղաքի 22 և 29-ամյա բնակիչներ են կալանավորվել Շիրակի մարզի տարբեր հատվածներում թմրամիջոցներ իրացնելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշված անձինք իրավապահներին հայտնել են, որ թմրանյութերի վաճառքով զբաղվող կայքէջից ստանալով առաջարկ՝ գումարի դիմաց Վանաձոր քաղաքի մոտակայքից վերցրել և Գյումրի քաղաքի տարբեր հատվածներում, ինչպես նաև հարակից գյուղական բնակավայրերի դաշտամիջյան ճանապարհներին տեղադրել են փաթեթավորված մոտ 70 հատ 0,5 գրամից 10 գրամ քաշերով մարիխուանա տեսակի թմրամիջոցի փաթեթներ և ապակյա տարաներով հաշիշի յուղ։
Նրանք տեղեկացրել են, որ նշված տեսակի թմրամիջոցների որոշ խմբաքանակ առկա է նաև իրենց կողմից շահագործվող ավտոմեքենայում:
«Նախաքննության ընթացքում կասկածյալների մասնակցությամբ կատարվել են դեպքի վայրերի 7 զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են կպչուն ժապավեններով փաթեթավորված 55 փաթեթ, որոնք, ըստ զննության մասնակից-կասկածյալների հայտարարության, իրենց կողմից նշված տեղանքներում տեղադրված թմրամիջոցներն են»,– ասված է հաղորդագրությունում։
Նրանց կողմից շահագործվող «MERCEDES-BENZ C 180» մակնիշի տրանսպորտային միջոցում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել են, նախնական տվյալներով, 3 սրվակ հաշիշի յուղ, փաթեթավորված թվով 7 փաթեթ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաև ատրճանակ։
Հայտնաբերված փաթեթների պարունակության բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
Փորձաքննության ներկայացված փաթեթներից մեկում առկա զանգվածը եղել է մարիխուանա տեսակի թմրամիջոց։
Նախաքննության ընթացքում կասկածյալների արտաքին զննությամբ հայտնաբերվել են ներարկման հետքեր։ Վերջիններից վերցվել են արյան նմուշներ։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված անձանց նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ներգրավված հնարավոր այլ անձանց, ինչպես նաև թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ: