Վրաստանի նախագահը հրաժարվել է ստորագրել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը

Վրաստանի օրենսդրության համաձայն, եթե նախագահը հրաժարվում է ստորագրել օրենքը և չի օգտագործում վետոյի իրավունքը, փաստաթուղթը ստորագրում է խորհրդարանի խոսնակը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է ստորագրել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը, սակայն վետո չի դրել դրա վրա՝ փաստաթուղթը վերադարձնելով խորհրդարան: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են Վրաստանի նախագահի աշխատակազմից։
«Նախագահը չի ստորագրել օրենքը և այն վերադարձրել է խորհրդարան։ Դա նախատեսված է մեր օրենսդրությամբ»,- պարզաբանել Է վարչակազմի ներկայացուցիչը։
Վրաստանի օրենսդրության համաձայն, եթե նախագահը հրաժարվում է ստորագրել օրենքը և չի օգտագործում վետոյի իր իրավունքը, փաստաթուղթը ստորագրում է խորհրդարանի խոսնակը:
Վրաստանի խորհրդարանը սեպտեմբերի 17-ին հաստատել է օրինագիծը, որն արգելում է ԼԳԲՏ քարոզչությունը, սեռափոխությունը և սահմանափակումներ է սահմանում ամուսնության, որդեգրման և բժշկական վիրահատությունների հարցերում: Օրենքը քրեական պատասխանատվություն է նախատեսում արգելքի խախտման համար, այդ թվում՝ մինչև չորս տարի ազատազրկում։
Փաստաթուղթը նաև տուգանքներ է սահմանում ուսումնական հաստատություններում և լրատվամիջոցներում ԼԳԲՏ քարոզչության համար: