ՔՊ-ն դեմ է․ արցախցիների պայմաններն ուսումնասիրելու համար ԱԺ հանձնաժողովը չի գործի

Ընդդիմության կարծիքով՝ հսկայական գումարներ են հատկացվել Արցախի ժողովրդի կենսապայմանների բարելավման համար, և խորհրդարանը պարտավոր է վերահսկողական գործառույթ ունենալ այստեղ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik․ Բռնի տեղահանված և ՀՀ տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության պայմաններն ուսումնասիրելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողովը չի կարող գործել։ Այսօր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ քվեարկեց խորհրդարական ընդդիմության ներկայացրած նախաձեռնությանը։
Մինչ քվեարկությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ներկայացրեց իշխող մեծամասնության դիրքորոշումը։ Ըստ Կոնջորյանի՝ ՀՀ կառավարությունը և կառավարող խմբակցությունն առաջին իսկ օրվանից բազմաթիվ ծրագրեր են իրականացրել, մի շարք օրենսդրական կարգավորումներ ներդրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենսագործունեության պայմանների ապահովման, սոցիալական աջակցության, բնակարանային ապահովության և մի շարք այլ ծրագրերի ուղղությամբ։
«Մենք կարծում ենք, որ խորհրդարանական ընդդիմությունն իր պատգամավորական գործառույթների շրջանակներում օժտված է բոլոր լիազորություններով և լծակներով, որ անի հարցադրումներ, փորձի գտնել այն բոլոր փաստերը կամ տեղեկությունները, որոնք մտահոգում են այս գործընթացների հետ կապված»,- նշեց Կոնջորյանը։
Հավելեց՝ պատրաստ են տարբեր ձևաչափերով աշխատել և համագործակցել ընդդիմության հետ, սակայն, ըստ Կոնջորյանի, ընդդիմությունը երեկ չկարողացավ փաստարկված հիմնավորում ներկայացնել, թե ինչու են ցանկանում իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալ հենց քննիչ հանձնաժողովով։
Իր հերթին «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց՝ իշխող մեծամասնության կողմից սա փորձ է հրաժարվելու սահմանադրական պարտականությունների կատարումից։
«Ուզում եմ հիշեցնել, որ քննիչ հանձնաժողովի կարևոր առաքելություններից մեկը հենց պառլամենտի վերահսկողական գործառույթի ներկայացումն է»,- նշեց Մինասյանը՝ հավելելով, որ հսկայական միջոցներ են հատկացվում Արցախի ժողովրդի կենսապայմանների բարելավման համար։ Խորհրդարանը պարտավոր է իրականացնել արդյունավետ վերահսկողություն, որի կարևոր առաքելություններից մեկը հենց սա պետք է լիներ։
20 րոպե ընդմիջում հայտարարվեց, որից հետո 28 կողմ, 56 դեմ ձայներով մերժվեց «Բռնի տեղահանված և ՀՀ տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության պայմաններն ուսումնասիրելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» նախագիծը։
44-օրյա պատերազմի արդյունքում դրվել է Արցախի ճակատագիրը կանխորոշելու սկիզբը. Սամվել Շահրամանյան
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմաններն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով։ Սակայն ստացվում է, որ իրավունքի ուժով հանձնաժողով կա, նախագահն էլ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն է, սակայն հանձնաժողովն անդամներ չունի, հետևաբար չի կարող գործել։
Հիշեցնենք՝ երեկ ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, խոսելով հանձնաժողովի մասին, առաջարկեց հանձնաժողովի անդամների թիվը սահմանել 17` նկատի առնելով ոլորտի աշխատանքային մեծ ծավալները և հաշվի առնելով հանգամանքը, որ այս թիվը բաժանվելու է խմբակցությունների միջև։ Ըստ ընդդիմադիր խմբակցությունների առաջարկի՝ 17 անդամներից 11–ը լինելու էին ՔՊ–ից, 5 ներկայացուցիչ «Հայաստան» խմբակցությունից և մեկ ներկայացուցիչ՝ «Պատիվ ունեմ»–ից։
Ըստ նրա՝ նպատակը բացարձակապես այս հարցն ավանդական ընդդիմություն–իշխանություն առաճակատումների դաշտ տեղափոխելը չէ, այլ փորձել հասնել Արցախի ժողովրդի կենսապայմանների բարելավման և դա իրականացնել Սահմանադրությամբ ու օրենքով նախատեսված կոնկրետ գործիքակազմի միջոցով։