ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել

«Անձանց նկատմամբ էթնիկական ծագումով և քաղաքական հանգամանքերով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք, որոնք կատարվել են ԶԼՄ-ի օգտագործմամբ» հոդածի հատկանիշներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. «Արմ Կոնսուլը» փաստաբանական գրասենյակը պահանջում է քրեական գործ հարուցել և պատասխանատվության ենթարկել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանին։
Այս մասին տեղեկացնում են գրասենյակի ֆեյսբուքյան էջում։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ սույն թվականի սեպտեմբերի 10-ին Գուրգեն Մելքոնյանը հարցազրույցի ընթացքում հնչեցրել է արտահայտություններ՝ ընդդեմ արցախցիների, որոնք առերևույթ պարունակել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքի հատկանիշներ, այն է՝ անձանց նկատմամբ էթնիկական ծագումով և քաղաքական հանգամանքերով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք, որոնք կատարվել են զանգվածային լրատվության միջոցի օգտագործմամբ։
«Մասնավորապես, հարցազրույցի ընթացքում Գուրգեն Մելքոնյանը հնչեցրել է հետևյալ արտահայտությունները (մեջբերվում է բառացի)՝ «Իրենց (արցախցիների) շենքը (Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենք) էնտեղ ա, իրանք թող ապրեն իրանց համար, թող աշխատեն, բայց մեր երկրի գործերին չխառնվեն, չխառնվեն։ Էս ա խնդիրը (…) », « (…) Արցախը իրանց (արցախցիների) երկիրն էր։ Արցախը հանձնեցին, էկան էստեղ։ Հիմա թող իրանց հյուրի նման պահեն, ոչ թե ուզենան տանտեր դառնան։ Առանց էդ էլ քսան տարի տանտեր են եղել, դրա համար էս երկիրը էս վիճակին ա (…) » և այլն»,-հայտնում են «Արմ Կոնսուլից» ։
Փաստաբանական գրասենյակը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության հիմքով։