ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում առևտրատնտեսական հարաբերությունների խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը, այդ թվում՝ մրցակցային քաղաքականության ոլորտում իրականացվող բարեփոխումները:
Մտքեր են փոխանակվել նաև ԵԱՏՄ անդամ պետություններում պետական գնումների ընթացակարգերի և դրանց արդյունավետության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:
Հիշեցնենք` Մաքսիմ Երմոլովիչը Երևան է ժամանել` մասնակցելու սեպտեմբերի 30–ին և հոկտեմբերի 1-ին անցկացված ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ու Եվրասիական տնտեսական համաժողովին:
Նիստերին մասնակցելու համար Երևան էին ժամանել նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների վարչապետները, ինչպես նաև Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը:
Նշենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերին Մոսկվայում։
ԵԱՏՄ–ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թ. հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: