Իրանում բոլոր ավիաչվերթները չեղարկվել են

Թռիչքների արգելքը կգործի առնվազն մինչև վաղը առավոտ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Իրանում մինչև հոկտեմբերի 3-ի առավոտ բոլոր ավիաչվերթները չեղարկվել են Մերձավոր Արևելքում լարված իրավիճակի պատճառով: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցամբ, հայտնել է քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչ Ջաֆար Յազերլուն։
«Թռիչքների անվտանգությունն ապահովելու համար երկրում բոլոր չվերթները չեղյալ են հայտարարվում մինչեւ վաղը առավոտյան ժամը 5-ը»,-նրա խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը:
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել էր, որ Իրանն Իսրայելի ուղղությամբ մոտ 180 հրթիռ է արձակել, որոնցից շատերը որսացել են։ Սոցցանցերում հայտնվել են տեսանյութեր, որոնցում երևում է հրթիռների ընկնելը երկրի տարբեր շրջաններում։ Հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել՝ Գազայի հատվածից անօրինական ներգաղթյալ։ Մի քանի մարդ թեթև բեկորային վնասվածքներ են ստացել ապաստարան տանող ճանապարհին։
ՑԱԽԱԼ-ի գլխավոր շտաբի պետ Հերցի Հալևին նշել է, որ պատասխան հարված հասցնելու որոշումը Իսրայելի իրավունքն է: Իրանն իր հերթին զգուշացրել է, որ Իսրայելի կողմից հետագա ագրեսիան է՛լ ավելի ուժեղ պատասխան գործողությունների կհանգեցնի: