ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Հանրային հեռուստաընկերությունը պատրաստ է ուղիղ եթերում` հարցազրույցի ձևաչափով, հյուրընկալել Բագրատ Գալստանյանին կամ շարժման առաջնորդներից որևէ մեկին: Հանրայինն այս մասին հայտարարություն է տարածել։
Հայտնել ենք, որ քիչ առաջ Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ Բագրատ Գալստանյանը հայտարարեց, որ երթով շարժվում են Հանրային հեռուստաընկերություն` ուղիղ եթերի պահանջով։
«Շարժման մեկնարկից ի վեր Հանրային հեռուստաընկերությունը բազմիցս հրավեր է ուղարկել շարժման առաջնորդներին և հիմնականում ստացել մերժում։ Նրանք, ովքեր չեն հրաժարվել հարցազրույցից, հյուրընկալվել են մեր եթերում»,– ասված է հայտարարության մեջ։
Հեռուստաընկերությունից նշել են նաև, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, հրավերն ուժի մեջ է։
Նշենք, որ Բագրատ սրբազանն արդեն արձագանքել է այս հայտարարությանը` նշելով, որ հարցազրույցի ժամանակը վաղուց անցել է, և իրենք ոչ թե հարցազրույց են ուզում ուղիղ եթերում, այլ ուղերձ։