Հայկական բիզնեսը հետաքրքրված է Կուբայի հետ համագործակցությամբ. Միխնևիչ

Կուբայական կողմին հետաքրքիր է համագործակցությունը ագրոարդյունաբերական համալիրի, լոգիստիկայի և արդյունաբերական ոլորտներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Հայ գործարարները հետաքրքրված են Կուբայի գործընկերների հետ համագործակցությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ԵԱՏՄ գործարար խորհրդի գործադիր քարտուղար Սերգեյ Միխնևիչը։
Երևանում այս օրերին անցկացվում է Եվրասիական տնտեսական III համաժողովը, որին մասնակցում են նաև ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակ ունեցող Կուբայի ներկայացուցիչները։
«Եվրասիական ֆորումի ընթացքում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության մեր գործընկերները խոսում էին այն քայլերի մասին, որոնք կարելի էր ձեռնարկել, որպեսզի հայկական բիզնեսն ավելի ակտիվ աշխատի կուբայական գործընկերների հետ», – նշեց մեր զրուցակիցը։
Նախօրեին անցկացվեց ԵԱՏՄ–Կուբա երկխոսությունը, որի համակարգողը Միխնևիչն էր։ Թե՛ կուբայական, թե՛ եվրասիական կողմի մասնակիցների բարձրացրած հարցերը կապված էին ԵԱՏՄ–ից գործընկերների առավելագույն ներգրավվածության անհրաժեշտության հետ։
Գործարար խորհրդի գործադիր քարտուղարն ընդգծեց, որ այսօրվա դրությամբ լուրջ ասիմետրիա կա, քանի որ ԵԱՏՄ–Կուբա առևտրի ավելի քան 90%–ը ՌԴ մասնաբաժինն է։ Հետևաբար Կուբայի հետ հարաբերություններում միության երկրների ընդհանուր հաջողության համար կարևոր է նաև միության անդամ մյուս երկրների ներգրավվածությունը։
Միխնևիչի խոսքով` կուբայական կողմը հետաքրքրված է ագրոարդյունաբերական համալիրի, լոգիստիկայի և արդյունաբերական ոլորտներում համագործակցությամբ։ Լոգիստիկ խնդիրներին առնչվող հարցերի լուծման համար Կուբայի ներկայացուցիչներն առաջարկել են առանձին կոմիտե ստեղծել ԵԱՏՄ գործարար խորհրդի և Կուբայի առևտրային պալատի բիզնես երկխոսության շրջանակում։
«Կուբայի առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ ամռան ընթացքում մենք հարցում ենք անցկացրել ՌԴ և եվրասիական գործընկերների շարքում, և այժմ ամփոփում ենք տեղեկությունները համատեղ նախագծերի վերաբերյալ կոնկրետ առաջարկներ ներկայացնելու համար։ Համապատասխան հարցերը մենք գործընկերների հետ ամրագրեցինք ԵԱՏՄ Գործարար խորհրդի երևանյան հռչակագրում, որն ընդունվեց երեկ», – հայտնեց Միխնևիչը։
Նա ընդգծեց, որ բիզնեսը բացարձակ ուղենիշ է համարում եվրասիական տնտեսական ինտեգրումը և շատ կարևորում է դրա աստիճանական զարգացումը։ Միխնևիչը եզրափակեց, որ ԵԱՏՄ երկրների տնտեսությունների, ժողովուրդների բարեկեցությունն ու ընկերությունների հաջողությունները խիստ կապված են գործընկերների` ի դեմս այլ երկրների դիտորդների հետ հաջող հարաբերությունների կառուցմամբ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի կոլեգիայի անդամ (նախարար) Գոհար Բարսեղյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Հայաստանը մեծ ներուժ ունի Եվրասիական տնտեսական միության շրջանակում պարենային անվտանգության ապահովման առումով։
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերին Մոսկվայում