ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik․ Երևանը խաղաղության պայմանագիրը ստորագրելու հարցում Բաքվի կողմից քաղաքական կամք չի տեսնում։ Այսօր Վարշավայում անվտանգության ֆորումի շրջանակում կազմակերպված հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին՝ Միրզոյանը նշել է, որ վերջին 2-3 տարիներին մեծ աշխատանք է կատարվել՝ չնայած մարտահրավերներին, էսկալացիային, Հայաստանի տարածքների վրա հարձակումներին։ Շեշտել է՝ հայկական կողմը մշտապես կառուցողական է եղել բանակցություններում։
Ներկա իրավիճակում, ըստ Միրզոյանի, կա լավ և վատ լուր․ լավ լուրն այն է, որ հայկական կողմը կարողացել է հաջողություններ գրանցել ադրբեջանական կողմի հետ։ Այս համատեքստում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մասնավորաբար ընդգծել է երկու երկրների միջև ստորագրված առաջին, երբևէ օրինական փաստաթուղթը՝ սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգը։
Ըստ Միրզոյանի՝ վատ լուրն այն է, որ հիմա մի իրավիճակ է, երբ կա գրեթե ամբողջությամբ համաձայնեցված համաձայնագրի նախագիծ, բայց այն չի ստորագրվում։
«Ադրբեջանական կողմը հակված չէ ստորագրել խաղաղության համաձայնագիրն ինչ-որ պատճառներով, նրանք ամեն անգամ նոր նախապայմաններով են հանդես գալիս, մենք տեսնում ենք, որ նրանք պարզապես չեն ցանկանում ստորագրել փաստաթուղթը»,- նշում է Միրզոյանը։
Անդրադառնալով ադրբեջանական կողմի այն հայտարարություններին, թե համաձայնագրի ոչ բոլոր կետերն են համաձայնեցված՝ ԱԳ նախարարն ասել է՝ աշխարհում չկա երկու երկրների միջև ստորագրված մի համաձայնագիր, որը կարգավորի նրանց հարաբերությունների բոլոր բաղադրիչները։
«Մենք կարող ենք այս շատ լուրջ փաստաթուղթը ստորագրել և շարունակել բանակցել մնացյալ հարցերի շուրջ»,- ասել է նա։
Միրզոյանը հույս է հայտնել, որ նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29-ը կարող է նպաստել խաղաղության գործընթացին։ Հիշեցրել է, որ Հայաստանը սատարել է Ադրբեջանին՝ այս գագաթնաժողովը հյուրընկալելու համար։
«Ես հավատում եմ, որ կա իրական հնարավորություն փակելու մեր տարածաշրջանում հակամարտության էջը, առնվազն՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, բացել խաղաղության, համագործակցության դարաշրջան»,- ասել է Միրզոյանը։
Անդրադառնալով հայ ժողովրդի շրջանում առկա մտահոգություններին՝ կապված անվտանգության հետ և նրան, թե ինչպես կարող կառավարությունը փարատել դրանք՝ Միրզոյանն ասել է, որ ինքը՝ որպես ԱԳ նախարար, չի կարող դա անել, որովհետև ինքն էլ չունի այդ վստահությունը։ Ադրբեջանը շարունակում է հայտարարությունները, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ, որը ներառում է Հայաստանի Հանրապետության գրեթե ամբողջ տարածքը։
«Նրանք հավաստիացնում են, որ սա տարածքային պահանջ չէ, բայց, ցավոք, տպավորությունը լրիվ հակառակն է»,- նշել է Միրզոյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին առաջարկել էր ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված կետերը և հետագայում աշխատել մնացածի վրա: Այն ժամանակ նա հայտնել էր, որ համաձայնեցվել է 16 հոդվածից 13-ը։
Ադրբեջանի նախագահը սեպտեմբերի 23-ին երկրի խորհրդարանում հայտարարել է, որ հայկական կողմը, ուղարկելով Բաքվի վերջին առաջարկների պատասխանը, բոլոր չհամաձայնեցված դրույթները հանել է խաղաղության պայմանագրի նախագծից: Ալիևի խոսքերից ստացվում է, որ Երևանն իր վերջին պատասխանում փոխանցել է 16 հոդվածներից 13-ը: Նա հայկական ղեկավարության գործողություններն անվանել է «ոչ ադեկվատ և պարզունակ»։