Դա ապտակ է ՄԱԿ–ին. ՌԴ մշտական ներկայացուցիչը` Գուտերեշի վերաբերյալ Իսրայելի որոշման մասին

ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչը նկատել է, որ Մերձավոր Արևելքում առկա հակամարտությունը կարող է էսկալացիայի աներևակայելի մակարդակի հասնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին Իսրայելի կողմից անցանկալի անձ (persona non grata) հայտարարելը գռեհիկ որոշում է և ապտակ համաշխարհային կազմակերպությանը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
«Դա ապտակ է ոչ միայն ՄԱԿ–ին, այլև մեզ բոլորիս։ Կոչ ենք անում խորհրդի և ՄԱԿ–ի անդամներին արձագանքել այս զայրացուցիչ քայլին։ Եվս մեկ անգամ կրկնում եմ` խորհուրդն այդ խնդիրները լուծելու անհրաժեշտ բոլոր գործիքներն ունի։ Հարցը միայն քաղաքական կամքն է։ Եվ մենք ունենք այն։ Իսկ դո՞ւք։ Կոչ ենք անում բոլորին հնարավորինս արագ պատասխանել այս հարցին», – ՄԱԿ–ի ԱԽ–ի նիստի ժամանակ ասել է Նեբենզյան։
Այսօր ավելի վաղ Իսրայելի ԱԳՆ–ն Գուտերեշին persona non grata էր հայտարարել և արգելել նրան մուտք գործել երկիր։ Գերատեսչության ղեկավարի հայտարարության մեջ նշվում է, որ Գուտերեշը չի դատապարտել Իրանի հրթիռային գրոհը, այդ իսկ պատճառով արժանի չէ Իսրայել ոտք դնելուն։
ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին մեղադրել են նաև 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայել ներխուժած ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման մարտիկներին աջակցելու հարցում։ Թել Ավիվում հայտարարել են, որ նման վարքագիծը բիծ կթողնի ՄԱԿ–ի պատմության մեջ երկար տարիներ։