Բացահայտվել է կաթնամթերք արտադրող ընկերության կողմից խոշոր չափի հարկեր չվճարելու դեպք

Նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 215 մլն դրամը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Բացահայտվել է կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերություններից մեկում խոշոր չափի հարկեր չվճարելու դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ընկերությունը, որի անունը չի նշվում, ստեղծվել է 2017 թվականի ապրիլին՝ ԵՏՄ անդամ երկրների հետ արտաքին տնտեսական գործունեություն (ներմուծում և արտահանում) կազմակերպելու նպատակով, սակայն կազմակերպությունը հիմնականում զբաղվել է կաթնամթերքի արտադրությամբ ՀՀ տարածքում:
«Պարզվել է, որ բացի վերոհիշյալ ՍՊ ընկերությունից, որը զբաղվել է արտադրված կաթնամթերքն իրացնելով, գործում է նաև այլ անվամբ, սակայն նույն իրավաբանական անձին պատկանող մեկ այլ ընկերություն, որը զբաղվում է վերոհիշյալ ընկերության կողմից արտադրվող կաթնամթերքի արտահանմամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Քննությամբ փաստական տվյալներ են ստացվել, որ երկու ՍՊ ընկերությունների հիմնադիր և սեփականատեր հանդիսացող իրավաբանական անձը ստեղծել է վերոհիշյալ ընկերությունները՝ նպատակ ունենալով խուսափել պետությանը հարկ վճարելուց:
Կատարված հաշվարկներով պարզվել է, որ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 183.024.329,6 դրամ: Լրացուցիչ հարկային պարտավորությունը կազմել է 174 979 917 դրամ՝ ներառյալ շահութահարկը և տույժ-տուգանքները։
Նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 215 000 000 դրամը։