ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. «3+3» ձևաչափի քննարկումներին մասնակցելը ճիշտ որոշում էր։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի այն դիտարկմանը, թե արտաքին քաղաքականությունը կոմպլեմենտար չէ, միակողմանի է, ու սա վնասում է մեր ազգային շահերը։
«Ես ինքս եմ ասել, որ ՀՀ–ի վարած քաղաքականությունը կոմպլեմենտար չէ, այլ բալանսավորված քաղաքականություն է»,– ընդգծեց նա։
Ըստ նրա` այդ ամենով հանդերձ, պետք է նաև դիտարկել մեր արտաքին քաղաքականության տարածաշրջանային հարթությունը։
«Այս առումով, երբ «3+3» ձևաչափով մեր մասնակցության հարցն էր որոշվում, ու մենք որոշեցինք, որ պետք է մասնակցենք, այդ որոշումը լրջորեն քննադատվեց։ Հիմա ես կարող եմ վստահորեն ասել, որ շատ ճիշտ որոշում էր մասնակցելն այդ ձևաչափի քննարկումներին, և դա մեր արտաքին քաղաքականության տարածաշրջանային հարթությունն է ընդգծում»,– հայտարարեց նա։
Ինչ վերաբերում է Իրանի հետ ՀՀ հարաբերություններին, ապա դրանք Փաշինյանը բնորոշեց մեկ բառով` բնականոն։
«Այդ հարաբերությունները քաղաքական որոշման արդյունք և հետևանք չեն»,– նշեց նա։
Բացի այդ, վարչապետի խոսքով, ՀՀ իշխանությունների քայլերն ուղղված են Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։
Հիշեցնենք, որ «3+3» խորհրդակցական հարթակի առաջին նիստն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցել էին Հայաստանի, Ադրբեջանի,Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը։ Հարթակի երկրորդ նիստը կայացել է 2023 թվականի հոկտեմբերին։ Նիստը կայացել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում՝ արտգործնախարարների մակարդակով։ Վրաստանը չի մասնակցել նաև հարթակի երկրորդ նիստին։