ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Ուկրաինայի պաշտպանության նախարարությունում շարունակվում են կադրային զտումները. գերատեսչության ղեկավար Ռուստեմ Ումերովը հեռացրել է իր երեք տեղակալներին միաժամանակ, ինչպես նաև գերատեսչության պետքարտուղարին:
Պաշտոններից հեռացվել են Ստանիսլավ Գայդերը, Ալեքսանդր Սերգիյը, Յուրի Ջիգիրը և Լյուդմիլա Դարագանը: Գերատեսչության ղեկավարությունն այդ պաշտոնանկությունները բացատրում է Ուկրաինայի զինված ուժերում գործընթացները «հստակ և վերահսկելի» դարձնելու ձգտմամբ։
Ավելի վաղ Ումերովը հեռացրել էր հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովի երկու տեղակալներին, ընդ որում՝ առանց Բուդանովի հետ համաձայնեցնելու։
Հիմա ակտիվորեն լուրեր են շրջանառվում Բուդանովի հնարավոր փոխարինման և նրա փոխարեն արտաքին հետախուզության գործող ղեկավար Օլեգ Իվաշչենկոյին նշանակելու մասին։ Հատկանշական է, որ Հետախուզության գլխավոր վարչությունից վերցրել են նաև «Սպեցտեխնոէքսպորտ» ձեռնարկությունը՝ տեղափոխելով ՊՆ-ի անմիջական ենթակայության տակ։