ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ տարածքում թվային անկախությունը հնարավորություն կտա միության անդամ երկրներին զերծ մնալ Ռուսաստանի համար ոչ բարեկամ երկրների ՏՏ լուծումների անխոհեմ ներդրումից։ Այս մասին Երևանում ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվող Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստի ժամանակ ասաց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Պետք է հստակ հասկանալ, որ թվային անկախությունը հնարավորություն կտա միության անդամ երկրներին զերծ մնալ Ռուսաստանի համար ոչ բարեկամ երկրների ՏՏ լուծումների անխոհեմ ներդրումից, որը կարող է բերել ադմինիստրատիվ, ինչպես նաև առևտրաշրջանառության մեջ անցանկալի հետևանքների, խոչընդոտների։ Դա կարող է անգամ պառակտել ԵԱՏՄ հիմքերը։ Այդ պատճառով մենք պետք է կենտրոնանք` ստեղծելու մրցունակ և պահանջարկված թվային տեխնոլոգիաներ»,– հայտարարեց ՌԴ վարչապետը։
Նրա խոսքով` համակարգերի թվայնացման գործընթացում պետք է հիմնվել միայն սեփական ուժերի ու տեխնոլոգիաների արտադրանքի վրա։
Միշուստինը հիշեցրեց, որ պետական համակարգերի, հասարակական, տնտեսական ոլորտների թվայնացումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համարել է առաջիկա 12 տարվա զարգացման հիմնական ազգային նպատակներից մեկը։ Այդ նպատակին հասնելու համար ստեղծվել է ազգային ռազմավարական ծրագիր` «Տվյալների տնտեսագիտություն և պետության թվայնացում»։
Միշուստինի խոսքով` այս ծրագրի շրջանակում միանգամից մի քանի խնդիր է լուծվելու։ Ըստ նրա` առաջին հերթին դա վերաբերում է ամբողջ տարածքում գերարագ ինտերնետի ապահովմանը։
ՌԴ վարչապետը նաև նշեց, որ թվայնացումը հնարավորություն կտա ստեղծել այնպիսի հեռանկարային ծառայություն, ինչպիսին անօդաչու բեռնափոխադրումներն են։
Ինչ վերաբերում է արհեստական բանականությանը, ապա ըստ նրա` այս ոլորտում առաջընթացը բեկումնային է. երկրների միջև կատաղի մրցակցությունը մեծ է. երկրները, որոնք արդեն ունեն արհեստական բանակության վերաբերյալ որոշումներ, անվիճելի առավելություններ ունեն թվայնացման բնագավառում։
Միշուստինն ավելացրեց, որ ժամանակակից աշխարհում այդպիսի երկրները երեքն են. Ռուսաստանն ունի իր երկու սեփական մոդելները։
«Ընդհանուր առմամբ, մենք կառուցում ենք հաջողակ մրցակցության ապագայի հիմքը»,– ավելացրեց նա։
ՌԴ վարչապետը տեղեկացրեց նաև, որ ՌԴ նախագահի հրամանով` մինչև 2023 թվականի ավարտը Ռուսաստանում տնտեսական, սոցիալական կարևոր համակարգերում պետք է ձևավորվեն թվային հարթակներ, որոնց շնորհիվ պետական շատ ծառայություններ կմատուցվեն իրական ժամանակում` առցանց։