ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առիթից օգտվելով, միանգամից երկու նապաստակ է որսացել՝ կանոնակարգի վավերացում և Ալիևի հերթական պահանջը կատարում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը՝ մեկնաբանելով Սահմանադրական դատարանի որոշումը։
Սեպտեմբերի 30-ին հրապարակվեց որոշման ամբողջական տեքստը, ըստ որի՝ Հայաստանի Անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային այն նպատակները, որոնք Սահմանադրության բուն տեքստում տեղ չեն գտել, չունեն իրավական ուժ։
Սուրենյանցի խոսքով՝ այն, որ կանոնակարգը սահմանադրական էր ճանաչվելու, կանխատեսվում էր, փակուղային իրավիճակ ստեղծվեց Անկախության հռչակագրի որոշակի հոդվածներ ոչ իրավական ճանաչելու հետևանքով։ Ըստ էության, Սահմանադրական դատարանի դատավորները գնահատական են տվել ոչ այնքան կանոնակարգին, որքան Անկախության հռչակագրին։
ՍԴ որոշումը դեռ պետք է խորհրդարանում ընդունվի։ Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ ներկա իրավիճակում մեծ ընտրություն չկա։
«Ցավոք, փողոցում չունենք այն շարժումը, որը բազմամարդ լինի և կարողանա կանխել դա փողոցով, ընդդիմությունը բավարար ձայներ չունի, որ կարողանա կանխել խորհրդարանում։ Ընդդիմությունը մի քայլ կարող է անել, որը կբերի քաղաքական ճգնաժամի, էսկալացիայի, մյուս կողմից կապալեգիտիմացնի Ազգային ժողովն ու այն գործընթացը, որով անցնում է որոշումը՝ մանդատները վայր դնել»,- կարծում է Սուրենյանցը։
Նրա կարծիքով՝ ավելի լավ է ընդդիմությունը վայր դնի մանդատները, այլ ոչ թե թեկուզ դեմ քվեարկելով՝ մասնակից խայտառակ փաստաթղթի վավերացմանը։ Իսկ այն, որ ցանկացած դեպքում իշխանական պատգամավորները կարողանալու են անհրաժեշտ քվեների թիվ ունենալ, գրեթե կասկած չի հարուցում։ Այսպես ընդդիմությունը գոնե փորձ կանի իշխանության հեռացման համար, որ զիջումների միակողմանի շղթան շարունակություն չունենա։