ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանում պատրաստվում են դպրոցական պլանշետների սերիական արտադրություն սկսել՝ ներքին պաշտպանված ծրագրային սարքավորումներով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Երևանում Եվրասիական տնտեսական համաժողովի՝ կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ լիագումար նիստի ժամանակ։
Նրա խոսքով՝ այդ տեխնիկան տրամադրվելու է ուսուցիչներին, որպեսզի նրանք ավելի հեշտ կարողանան մատուցել թվային կրթական բովանդակություն, որի ծավալն անընդհատ աճում է։
Խոսելով Ռուսաստանի տեխնոլոգիական ինքնիշխանության մասին՝ Միշուստինը նշել է, որ ՌԴ-ն արդեն ավելի քան կիսով չափ իրեն ապահովում է սերվերային հարթակներով և տեղեկատվության պահպանման համակարգերով։ Շուտով կգործարկվի 4G և 5G բջջային կապի բազային կայանների ցանցը՝ ռուսական սոֆթով: Այս նախագծերում հետևողականորեն ավելանում է նաև ռուսական էլեկտրոնիկայի մասնաբաժինը։
Նա հիշեցրել է, որ անցյալ տարի Ռուսաստանում փորձարկվել է ինտերնետ կապի համար ցածր ուղեծրային արբանյակների ցանցը։ Ներկայումս փորձարկվում է դրանց միջև լազերային կապի համակարգը՝ վայրկյանում 1000 գիգաբիթ արագությամբ և 1000 կմ հեռավորության վրա: Մինչև 2027 թվականի վերջը նախատեսվում է գրեթե 300 նման արբանյակ գործարկել:
Նա ԵԱՏՄ գործընկերներին կոչ է արել օգտագործել այդ մշակումները և մասնակցել համատեղ տեխնոլոգիական նախագծերին՝ թվային ինքնիշխանությունն ամրապնդելու համար։