ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Կուբայի փոխվարչապետ Ինես Մարիա Չապմանը հաստատել է ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունն ընդլայնելու և միության անդամ և դիտորդ պետությունների հետ իր հարաբերությունները դիվերսիֆիկացնելու Հավանայի մտադրությունը։
«Կուբան ակտիվ մասնակցություն է ունեցել ԵԱՏՄ շրջանակներում հանդիպումներին, քանի որ մեծ նշանակություն է տալիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ տնտեսական, առևտրային, ֆինանսական և գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաև այդ կարևոր բլոկի նկատմամբ Կուբայի ավելի ակտիվ տնտեսական ինտեգրման, այլ ոչ թե ձևական դեր խաղալու դիրքորոշման պատճառով»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում տեսակոնֆերանսի ռեժիմով:
Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովը, որն անցկացվում է Երևանում՝ միջկառավարական խորհրդի նիստի հետ միաժամանակ, հարմար հարթակ է կատարված աշխատանքի արդյունքներն ամփոփելու, ինչպես նաև ԵԱՏՄ հեռանկարներն ու առաջնահերթությունները քննարկելու համար, հավելել է նա: Կուբայի ժողովրդի և կառավարության անունից նա խորին շնորհակալություն է հայտնել ԵԱՏՄ անդամ պետություններին՝ հանրապետության դեմ ԱՄՆ-ի սահմանած տնտեսական, առևտրային և ֆինանսական շրջափակումը վերացնելու համար Հավանայի պայքարին մշտապես և անփոփոխ աջակցելու և Կուբան ահաբեկչությունն իբր հովանավորող երկրների անօրինական ցուցակից հանելու պահանջների համար:
«Այս անարդարացի, չհիմնավորված և միակողմանի միջոցները տառապանք և ցավ են պատճառում Կուբայի ժողովրդին՝ դառնալով նրա զարգացման գլխավոր խոչընդոտը։ Կուբան առաջվա պես հանդես կգա նոր միջազգային ֆինանսական ու տնտեսական ճարտարապետության հաստատման օգտին, որն ավելի արդար և ներառական կլինի՝ հաշվի առնելով մեր երկրների առանձնահատկություններն ու իրական ներուժը: Մենք համոզված ենք, որ համագործակցությունը, համերաշխությունը և բազմազանության մեջ միասնությունը միակ հնարավոր ճանապարհն է՝ դիմակայելու և հաղթահարելու մարդկության առջև ծառացած բարդ խնդիրները», – ասել է Չապմանը:
Երևանում սեպտեմբերի 30-ին մեկնարկել է Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովը, որի գլխավոր թեման է «ԵԱՏՄ 10 տարին. հեռանկարներ և առաջնահերթություններ»: Համաժողովը նվիրված է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 10-ամյակին: Միջոցառումը տեղի է ունենում այս տարի ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության շրջանակներում: