Իսրայելի գիշերային հարվածը Դամասկոսին. 3 մարդ մահացել է, 9-ը` տուժել

Սիրիական հեռուստատեսության տվյալներով՝ զոհվածների թվում է լրագրող Սաֆահա Ահմադը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Իսրայելի ավիահարվածի հետևանքով զոհվել է 3, տուժել՝ 9 մարդ։ Այս մասին հայտնում է սիրիական պետական հեռուստատեսությունը։
«Մոտավորապես ժամը 2.05-ին Իսրայելը օդային ագրեսիա է սկսել` ռազմական ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր օգտագործելով օկուպացված սիրիական Գոլանի կողմից և հարձակվելով Դամասկոսի մի շարք կետերի վրա։ Մեր ՀՕՊ միջոցներն արձագանքել են հրթիռներին և անօդաչու թռչող սարքերին և խոցել դրանց մեծ մասը։ Ագրեսիայի հետևանքով զոհվել է երեք խաղաղ բնակիչ, ևս ինը տուժել են»,-հայտնում է հեռուստատեսությունը։
Սիրիական հեռուստատեսության տվյալներով՝ զոհվածների թվում է լրագրող Սաֆաա Ահմադը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսրայելական բանակը գիշերը նաև «սահմանափակ ցամաքային ռեյդեր» է սկսել Լիբանանի հարավում: Ավիացիան և հրետանին աջակցում են ցամաքային ուժերին։
Իսրայելն ԱՄՆ-ին զգուշացրել է, որ շուտով կարող է ցամաքային գործողություն սկսել Լիբանանում
Հիշեցնենք` Իսրայելի և «Հզբոլլահի» միջև հակամարտության սրացումը սկսվել է սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանում կապի սարքերի մի շարք պայթյուններից հետո: Շիա շարժումը միջադեպերի համար մեղադրել է Իսրայելին, թեև հրեական պետության իշխանությունները պաշտոնական մեկնաբանություններ չեն տվել՝ հայտարարելով միայն հյուսիսային սահմանին ակտիվության ուժեղացման մասին:
Սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը, որի շրջանակներում հարվածներ են հասցվել Լիբանանում «Հզբոլլահի» ռազմական օբյեկտներին: Սեպտեմբերի 27-ին Բեյրութին հասցված հարվածներից մեկի ժամանակ սպանվել է «Հզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան: