Իսրայելի բանակը 4 պահեստային բրիգադ է ձևավորում Լիբանանում գործողության համար

Դա թույլ կտա շարունակել օպերատիվ գործունեությունը «Հզբոլլահի» դեմ, ընդգծել են իսրայելական բանակի ներկայացուցիչները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) որոշում է կայացրել ձևավորել չորս պահեստային բրիգադ և լրացուցիչ ուժեր՝ հյուսիսային ճակատում օպերատիվ խնդիրները լուծելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտնել է բանակի մամուլի ծառայությունը
«Իրավիճակի գնահատմանը համապատասխան՝ ՑԱԽԱԼ-ը ձևավորում է չորս պահեստային բրիգադ և լրացուցիչ ուժեր՝ հյուսիսային ուղղությամբ օպերատիվ առաջադրանքներ կատարելու համար։ Դա թույլ կտա շարունակել օպերատիվ գործունեությունը «Հզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության դեմ և հասնել օպերատիվ նպատակների, այդ թվում՝ Հյուսիսային Իսրայելի բնակիչների անվտանգ վերադարձին իրենց տները», - ասվում է հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 23-ից Իսրայելը «Հզբոլլահ» շարժման դեմ Լիբանանում սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը, որի ընթացքում զանգվածային ավիահարվածներ է հասցնում շիա կազմակերպության ռազմական օբյեկտներին: Գործողության հայտարարված նպատակը հրեական պետության հյուսիսային սահմանամերձ շրջաններում անվտանգ պայմանների ստեղծումն է։
Սեպտեմբերի 27-ին Բեյրութում տեղի ունեցած հարվածներից մեկի արդյունքում ոչնչացվել է «Հզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլան: Շարժումը հաստատել է նրա զոհվելը և խոստացել շարունակել դիմակայությունն Իսրայելի հետ։
Լիբանանցիները զանգվածային տեղահանումը․ ինչ է կատարվում իսրայելական ավիահարվածներից հետո
Հոկտեմբերի լույս 1-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ սահմանափակ ցամաքային գործողություն է սկսել «Հզբոլլահի»՝ Լիբանանի հարավային սահմանագոտում գտնվող թիրախների դեմ:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների վարչության պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Տրոսելը հոկտեմբերի 1-ին հայտնել է, որ Լիբանանին հասցրած իսրայելական հարվածների հետևանքով երկու շաբաթվա ընթացքում զոհվել է ավելի քան հազար մարդ, հարյուրհազարավորները դարձել են բռնի տեղահանվածներ: