Բիշքեկն առաջարկում է միասնական հարթակ ստեղծել ԵԱՏՄ-ում բուժզննման ճանաչման համար

Ակիլբեկ Ժապարով
Ղրղզստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ դա էապես կնվազեցնի միգրանտների ֆինանսական և ժամանակային ծախսերը, որոնք ստիպված են կրկնակի անցնել նման ընթացակարգեր ժամանման երկրում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik․ Ղրղզստանի կառավարության ղեկավար Ակիլբեկ Ժապարովն առաջարկել է միասնական հարթակ ստեղծել ԵԱՏՄ երկրներում բժշկական զննության արդյունքների փոխադարձ ճանաչման համար: Այս մասին նա հայտարարել է այսօր Երևանում կայացած Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստում։
«Թվային տեխնոլոգիաների ակտիվ ներդրման միջոցով մենք կարող ենք վերացնել մեր միջև աշխարհագրական, ֆիզիկական սահմանները, նոր հեռանկարներ բացել տնտեսական և սոցիալական զարգացման համար»,- ասել է Ժապարովը:
Նրա խոսքով՝ թվային փոխակերպումը կարևոր է ապրանքների, կապիտալների, ծառայությունների և աշխատանքային ռեսուրսների ազատ տեղաշարժի խոչընդոտները վերացնելու համար։ Ղրղզստանի նախաձեռնություններից մեկն է արտագնա աշխատողների բժշկական զննումների փոխադարձ ճանաչման համակարգի ստեղծումը։ Դա թույլ կտա նվազեցնել ֆինանսական և ժամանակավոր ծախսերը միգրանտների համար, որոնք այժմ ստիպված են կրկնակի ստուգումներ անցնել միության այլ երկիր ժամանելիս։ Այս համակարգի հիմքը թվայնացումն է։
Ժապարովն առաջարկել է նաև օգտագործել «Ճամփորդի՛ր առանց Covid-19» բջջային հավելվածի հաջողված փորձը, որն ապացուցել է, որ թվային լուծումների միջոցով հնարավոր է ապահովել բժշկական տվյալների հավաստիությունը, կանխել դրանց կեղծումը և արագացնել ստուգման գործընթացը:
ԵԱՏՄ-ի ներսում պետական փաստաթղթաշրջանառության թվայնացումը խիստ կարևոր է. Փաշինյան
«Առաջարկում եմ դիտարկել տվյալների փոխանակման միասնական հարթակ ստեղծելու հնարավորությունը, որտեղ վստահելի բժշկական կազմակերպությունները կկարողանան ներբեռնել հետազոտությունների արդյունքները, ու դրանք հասանելի կլինեն այլ երկրների պետական մարմինների համար»,- նշել է Ժապարովը:
Նրա խոսքով՝ դա կստեղծի վստահության ընդհանուր միջավայր բժշկական սպասարկման ոլորտում և կարևոր քայլ կդառնա տարածաշրջանում աշխատուժի տեղաշարժը հեշտացնելու և հետագա ինտեգրման համար։