Բաքվում գտնվող հայ բանտարկյալները պետք է ազատ արձակվեն մինչև COP 29-ը. Արմեն Գևորգյան

Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ-ում. Արխիվային լուսանկար
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամը հիշեցրել է, որ մի շարք միջազգային մասնագետներ Արցախում տեղի ունեցածը անվանել են «ցեղասպանություն»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputink. ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին ուղղված հայտարարությունների ժամին կոչ է արել նրան ձեռնարկել բոլոր հնարավոր ջանքերը՝ հասնելու Բաքվում գտնվող հայ բանտարկյալների ազատ արձակմանը մինչև COP 29-ը։ Տեղեկությունը հայտնում է News.am կայքը։
Նա իր ելույթում հիշեցրել է, որ միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Ադրբեջանի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղում հրապարակայնորեն գնահատել է որպես ցեղասպանություն։ Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարել է, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում սկիզբ է առել «ընդունելի ցեղասպանության» նոր դարաշրջան։
«Իլհամ Ալիևը հրապարակավ խոստանում է իր քաղաքացիներին, որ նրանք ապրելու են Հայաստանի տարածքներում՝ անվանելով դրանք «Արևմտյան Ադրբեջան»։ Հայ բանտարկյալները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարությունը, շարունակում են կալանքի տակ մնալ Բաքվում։ Այս ամենից հետո Ադրբեջանը հյուրընկալում է COP29-ը «COP-ը՝ հանուն խաղաղության» քողի ներքո»,– ասել է Արմեն Գևորգյանը իր ելույթում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ից 24-ը Ադրբեջանում կանցկացվի Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակիցների COP 29 գագաթնաժողովը։