Արդարադատության նախարարը պետք է քաղաքական թիմից լինի․ Արփի Դավոյան

Արփի Դավոյան
ՔՊ-ական պատգամավորի խոսքով՝ Մինասյանին վերաբերող մտահոգությունները 1-2 օրում չէ, որ առաջացել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik․ Արդարադատության նախարարի պաշտոնը կարևոր է, և այն զբաղեցնող մարդը պետք է քաղաքական թիմից լինի։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ մեկնաբանելով Գրիգոր Մինասյանի հրաժարականի դիմումը։
Նշենք, որ առավոտյան արդարադատության նախարարը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ հրաժարականի դիմում է ներկայացրել։
Դավոյանը չցանկացավ մեկնաբանել այն տեղեկությունները, թե հրաժարականի պատճառը ՔՊ-ական որոշ պատգամավորների հետ ունեցած անձնական հարցերն են։
«Չեմ մեկնաբանում նմանատիպ խոսակցությունները։ Մտահոգությունները 1-2 օրում ի հայտ չեն եկել, գործընթաց է տեղի ունենում, ուսումնասիրում ենք բազմաթիվ կարծիքներ ու փաստեր, հետևաբար խոսել, որ դա երեկ է քննարկվել, ճիշտ չէ»,- նշեց Դավոյանը։
Նրա խոսքով՝ Մինասյանի հրաժարականի պատճառը փոխնախարար Սիրվարդ Գևորգյանը չի եղել։ Դավոյանը հարկ չհամարեց անդրադառնալ այս հարցին, ասաց՝ փոքրիկ միջադեպ է եղել՝ մարդը նշանակվել է, հետո հրաժարական է տվել։