Սահմանադրական հանձնաժողովների կանոնակարգի մասին որոշմամբ ՀՀ Սահմանադրական դատարանը շատ լուրջ ական պայթեցրեց. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է իրավագետ Գոհար Մելոյանը։
«Կանոնակարգում ունենալով սահմանադրականության տեանկյունից խնդրահարույց կետեր` ՍԴ–ը իր որոշման գերակշիռ հատվածը նվիրել է մեր Անկախության հռչակագրին` շատ վտանգավոր, իրավական անհեթեթության և նոնսենսի հասնող մեկնաբանություններով հիմնավորելով, որ մեր Անկախության հռչակագրի այն դրույթները, որոնք Սահմանադրության բուն տեքսում տեղ չեն գտել, գործող չեն»,– ասել է իրավագետը։
Հիշեցնենք` Սահմանադրական դատարանի որոշման մեջ նշվում է, որ Հայաստանի Անկախության հռչակագրում հաստատագրված համազգային այն նպատակները, որոնք Սահմանադրության բուն տեքստում տեղ չեն գտել, իրավական ուժ չունեն։
Սահմանադրական դատարանի դատավորներից 3-ը նաև հատուկ կարծիք են ներկայացրել, որոնցից երկուսը` դրական, մեկը` Հրայր Թովմասյանինը` բացասական։ Հատուկ կարծիքներն առայժմ հրապարակված չեն։