Իրանի վարչակարգը ամեն կերպ խուսափում է լայն առճակատման մեջ մտնելուց. Արմեն Պետրոսյան

Sputnik
Իրանի համար բավական բարդ է այնպիսի պատասխան գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, որն ավելի մեծ կորուստների չի հանգեցնի, ընդհուպ` պատերազմը սեփական տարածք տեղափոխելը. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը`վերլուծելով Իրան– Իսրայել և Իրան–Արևմուտք նոր զարգացումները, դրանց հնարավոր հետևանքները։
«Իրանի ներկա վարչակարգը ամեն կերպ խուսափում է լայն առճակատման մեջ մտնելուց։ Իսրայելն էլ, ամեն կերպ բարձրացնելով սադրանքների աստիճանը, ամեն կերպ ձգտում է նման արկածախնդրության մեջ ներքաշել Իրանը»,– նշել է փորձագետը։
Հուլիսի վերջին Թեհրանում սպանվեց պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան։ Իրանի քաղաքական ղեկավարությունը կատարվածի համար պատասխանատու հայտարարեց Իսրայելն ու ԱՄՆ-ը` միաժամանակ խոստանալով, որ այդ հարձակումն անպատասխան չի թողնելու:
Այդուհանդերձ, պատասխան գործողություն Իրանի կողմից այդպես էլ տեղի չունեցավ։ Փոխարենը սեպտեմբերի 27–ին Բեյրութի վրա իսրայելական օդուժի հարձակման հետևանքով զոհվեց «Հզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան:
Դրանից հետո Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարեց, որ Իսմայիլ Հանիայի սպանությանը չարձագանքելու դիմաց ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Իրանին հրադադար էին խոստացել։
Ըստ նրա` այդ կեղծ խոստումների իրական նպատակը միայն նոր հանցագործություններ հրահրելն է։ Միաժամանակ Իրանի նախագահը դարձյալ խոստացել է, որ Իսրայելի հանցագործություններն անպատասխան չեն մնալու: