ՍԴ–ի որոշումը խայտառակ որոշում է. Վարդան Պողոսյան

Sputnik
ՍԴ–ի որոշումը խայտառակ որոշում է. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է սահմանդրագետ Վարդան Պողոսյանը` մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի Սահմանազատման հանձնաժողովների աշխատանքային կանոնակարգի նախագծի մասին Սահմանադրական դատարանի որոշումը։
«ՍԴ–ը, ըստ էության հայտարարում է, որ ՀՀ Անկախության հռչակագրում հաստատագրված համազգային նպատակները 1995թ–ի հուլիսի 13-ից սկսած որևէ նշանակություն չունեն, որևէ իրավական ուժ չունեն։ Սա արտառոց է ու միաժամանակ քաղաքական պատվերի իրականացում, որով ՀՀ իշխանությունը Ադրբեջանին հավաստում, որ ապագա խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո Ադրբեջանը որևէ խնդիր չի ունենալու ՀՀ Սահմանադրության հետ»,– ասել է Պողոսյանը։
Սահմանադրական դատարանը հրապարակել է սեպտեմբերի 26-ին կայացրած որոշման ամբողջական տեքստը, որով Հայաստանի և Ադրբեջանի Սահմանազատման հանձնաժողովների աշխատանքային կանոնակարգի նախագիծը համարել էր ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող։
Փաստաթղթում նշվում է, որ Սահմանադրական դատավորներից 3-ը նաև հատուկ կարծիք են ներկայացրել, որոնցից երկուսը` դրական, մեկը` Հրայր Թովմասյանինը` բացասական։ Հատուկ կարծիքներն առայժմ հրապարակված չեն։