Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի վարչապետներն արդեն Երևանում են

Միխայիլ Միշուստինն ու Մհեր Գրիգորյանը
Կառավարությունների ղեկավարներին օդանավակայանում դիմավորել է փոխվարչապետը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik․ Երևան են ժամանել Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի վարչապետները։ Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրանց դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն և Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը Երևանում են Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովին մասնակցելու նպատակով։
Հոկտեմբերի 1-ին միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման խորացման արդիական խնդիրները: Հատուկ ուշադրություն է դարձվելու ներքին շուկայի գործունեության հարցերին, արդյունաբերական, տրանսպորտային, մաքսասակագնային, գյուղատնտեսական և էներգետիկ ոլորտներում փոխգործակցության զարգացմանը:
Բացի այդ, կառավարությունների ղեկավարները կքննարկեն մինչև 2030 թվականը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները: Ակնկալվում է, որ նիստին կմասնակցեն միությանն առընթեր դիտորդ պետությունները և հրավիրված հյուրեր:
Միջկառավարական խորհրդի առաջիկա նիստը 40-րդը կլինի Եվրասիական տնտեսական միության աշխատանքի մեկնարկից ի վեր, երրորդը ՝ 2024 թվականին: Նախորդ նիստը տեղի է ունեցել հունիսի 3-4-ը բելառուսական Նեսվիժում։
Վարչապետներին դիմավորել է Մհեր Գրիգորյանը